«Ես տեսնում էի, որ երկիրն անդունդ է գնում, բայց նաև տեսնում էի անդունդ չգնալու հնարավորությունը»:
Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ԼՂ ՏԿԵ նախկին նախարար, նախկին պատգամավոր Հայկ Խանումյանը՝ նշելով, որ եկել են մարդիկ, որ մտածել են, թե այդ անդունդ գնացող մեքենայի վարորդը այդքան էլ արագ չի գնում և պետք է արագացնել մեքենայի ընթացքը ու վերջում ստացել են այն, ինչ ստացել են։
Հարցին, թե, ենթադրենք, քաղաքական էլիտաները հավատացել են ռուսներին, բայց վերջում նրանց էլ ձերբակալել են, այսինքն՝ ստացվում է՝ այդ մարդիկ իրենք իրե՞նց էլ չեն ուզել պաշտպանել, Հայկ Խանումյանն ասել է. «Եթե լավ ուսումնասիրեք քաղաքական էլիտաներին, կհասականք, որ այստեղ ոչ այնքան ռուսների նկատմամբ վստահությունն էր, ինչքան անասնական վախը Սամվել Բաբայանի իշխանության գալուց, ես դա տեսել եմ 2016-ին։ Պատերազմի օրը Սամվել Շահրամանյանին ասացի, որ տուր իշխանությունը Սամվել Բաբայանին, անգամ չկարողացան բենզին բաժանել, որը բերեց հսկայական ողբերգության։ Մի հսկա բանակ են լուծարել, 15 հազարից ավելի մարտիկ զորացրել են և չեն կարողացել ամենքին 20 լիտր բենզին տալ ու ասել՝ ընտանիքդ տարհանի»:
Ըստ նրա՝ մարդիկ, եթե տարրական բաները չեն կարողանում կազմակերպել, ինչպես ենք ուզում, որ աշխարհաքաղաքական վերլուծություն անեն կամ կողմնորոշվեն այս ամենի մեջ։ «Ես զարմանում եմ, թե Ադրբեջանն էսքան երկար ինչու է սպասել, իրենք էլ չէին սպասում, որ էսքան մանկամիտ է էս էլիտան, էս գործիչները»,- ասել է Խանումյանը։