Ստամբուլի՝ 7.2 մագնիտուդ ուժգնությամբ հնարավոր երկրաշարժին կարող է հաջորդել ցունամին

armday.am-ը գրում է. «Թուրքիայի Բողազիչի համալսարանի ակադեմիկոս, դոցենտ Դողան Քալաֆաթը հայտարարել է, որ մոտ ապագայում Ստամբուլում հնարավոր տեղի ունենալիք երկրաշարժը կարող է հանգեցնել ցունամիի, գրում է Ermenihaber-ը։

Քալաֆաթը պնդել է նաև, որ երկրաշարժը ուժգնությունը կարող է հասնել մինչև 7.2 մագնիտուդի:
Հիշյալ հայտարարությունները ակադեմիկոսն արել է Թրակիայի համալսարանի հովանու ներքո Բալկանյան կոնգրեսի կենտրոնում կազմակերպված «Երկրաշարժ բոլոր ուղղություններով» սիմպոզիումում (գիտական որևէ կարգի խնդրի նվիրված միջազգային խորհրդակցություն):Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ օգոստոսին, ճապոնացի սեյսմոլոգ, ավագ ինժեներ Յոշինորի Մորիվակին էր կանխատեսումներ արել Թուրքիայում հնարավոր երկրաշարժերի վերաբերյալ: Խոսքն այս դեպքում Մարմարայի նահանգում հնարավոր երկրաշարժի մասին էր։

Մորիվակին նշել էր, որ հնարավոր է տեղի ունենա 7․6-ից մինչև 7․9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Այն կարող է տեղի ունենալ 1 տարի հետո, 1 ամիս անց գուցե նույնիսկ 1 շաբաթ անց։

Նա նաև հավելել էր, որ ռիսկային գոտիներ են համարվում Աթաթուրքի օդանավակայանը, Զեյթինբուրնուն, Քյուչուքչեքմեջեն, Ավջըլարը, Բույուքչեքմեջեն և Ֆաթիհը, Թուզլան, Փենդիքը և ծովափնյա շրջանները։

«Մենք դա տեսանք 1999-ի երկրաշարժի ժամանակ, շատ ցնցումներ եղան։ Եթե հողը փափուկ է, ուրեմն դա խնդիր է, Հաթայում էլ է այդպես։ Այս շենքները միացված են և բոլորը կառուցվել են մինչև 2000 թվականը, դրանք մեծ վնասներ կկրեն»։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում