Ալեն Սիմոնյանը նոր «Հոկտեմբերի 27»-ի վտանգ է տեսնում

«Շատ ժամանակ է անցել 1999 թվականից այս կողմ, բնականաբար, ժամանակային բարդություններ կան, բայց վստահ եմ, որ ներքուստ մենք գիտենք դրդիչները և հիմնական պատճառներն ովքեր են եղել թե՛ «Մարտի 1»-ի պարագայում, թե՛ «Հոկտեմբերի 27»-ի, մնում է՝ այդ փաստն արձանագրվի, և համապատասխան պատիժ լինի»:

Այս մասին Ազգային ժողովի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ես չգիտեմ գործի մանրամասները և միայն քաղաքական գնահատական կարող եմ տալ: Իմ տեղեկություններով՝ բավականին բարդ է, մեկ քառորդ դար գրեթե անցել է, և հասկանալի պատճառներ կան: Քննիչ ունենք, որը «Մատի 1»-ի գործով պարտակել և հիմա լքել է ՀՀ-ն, կան իրավական բարդություններ, բայց չեմ մեկնաբանի և չեմ ուզում որևիցե ձևով ազդեցություն ունենալ քննության վրա»,- ընդգծեց Սիմոնյանը:

Վերջինս նկատեց՝ այնքան դասեր ունենք քաղելու թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական առումով. «Մենք պետք է հասկանանք, որ աշխարհում որևիցե մեկը մեզ սիրելու կամ չսիրելու խնդիր չունի, կան շահեր, մենք պետք է հասկանանք, որ ներքին խժդժությունները կարող են բերել կտրուկ բաների, պետությունը կարող է դրա պատճառով գլխատվի, և մենք կարող ենք պետականություն կորցնել, կարծում եմ՝ այդ դասերը քաղել ենք»,- ասաց Սիմոնյանը:

Հարցին, թե նոր «Հոկտեմբերի 27»-ի վտանգ տեսնո՞ւմ է, նա պատասխանեց. «Իհարկե, տեսնում եմ, այն, ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին, դրա նախօրեին տեղի ունեցած իրադարձությունները սրանից շատ ավելի քիչ կարևորություն ունեցող էին, շատ ավելի հեռու էր, օրինակ, Մեղրին հանձնելու գաղափարը»:

Դիտարկմանը, թե խաղաղության խաչմերուկով չի՞ մոտենում այդ գաղափարը, ԱԺ նախագահ արձագանքեց. «Չէ, ընդհակառակը, խաղաղության խաչմերուկը խաղաղությանն է միտված: Մենք որևիցե մեկին որևիցե բան հանձնելու միտում չունենք՝ ի հեճուկս որոշ լրատվականների և ընդդիմադիրների հայտարարությունների: Տեսնում եք, որ թե՛ միջանցքի թեման էլ ակտուալ չէ, թե՛ խաղաղության մասին խոսակցություններն են շատ ավելի ակտիվացել, ոչ միայն Հայաստանի, այլ նաև հարևան երկրի կողմից: Մենք որևիցե մեկին որևէ բան չենք հանձնում, կլինեն բաց ճանապարհներ՝ կլինի առևտուր, տնտեսությունը կզարգանա, և մենք կունենանք խաղաղություն»:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում