Ինչի է ձգտում, բայց չի հասնում ռուսական պրոպագանդան

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության ձախողմանը զուգընթաց Ռուսաստանի պաշտոնական շրջանակները և պետական քարոզչության հարթակներն ակտիվացրել են Հայաստանի դեմ տեղեկատվական հարձակումները։ Թիրախում առավելապես Հայաստանի պետականությունն է և բարձրաստիճան պաշտոնյաները, որոնց վերաբերյալ տարվում է անձնավորված արշավ` կիրառելով կեղծիքներ և մանիպուլյացիաներ։

Ֆեյքը և մանիպուլյացիան որպես երես փրկելու վերջին միջոց

Հայաստանի դեմ ուղղված ֆեյքային և մանիպուլյատիվ տեղեկատվություն շրջանառում են ոչ միայն ռուսական դասական քարոզիչները, այլև բարձրաստիճան պաշտոնյաները։ Բավական է նշել ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևի անհավասարակշիռ հրապարակումները Հայաստանի վարչապետի մասին կամ ՌԴ Պետդումայի պատգամավոր Եվգենի Ֆյոդորովի հայտարարությունները, թե, իբրև, շուտով Հայաստանը կդադարի որպես պետություն գոյություն ունենալուց, և Ռուսաստանը «կվերականգնի վերահսկողությունն այդ տարածքի նկատմամբ»։

Օրինակներն, անշուշտ, շատ են, և միայն դրանց թվարկումը մեկ առանձին ծավալուն հոդված է պահանջում` սկսած հայկական ազգանուն ունեցող անձանցից, վերջացրած Լեռնային Ղարաբաղի հայության դեմ ադրբեջանամետ քարոզչություն իրականացնող պետական հեռուստաալիքներով։ Ամենաթարմ հակահայկական պրոպագանդայի խայտառակ դրսևորումը տեղ գտավ Ռուսաստանի Առաջին ալիքում, որը գրեթե մեկ ժամ եթերաժամանակ էր հատկացրել Հայաստանի և Հայաստանի ղեկավարության դեմ հակաքարոզչություն իրականացնելուն։ Հայաստանի ղեկավարին վերագրվող կեղծ մեջբերումների, միլիոն դոլար արժողությամբ ժամացույցի կեղծիքի, «սորոսական պատրոնաժ» ունեցող հայաստանյան ղեկավարության մասին ցնդաբանության և բազմաթիվ այլ կեղծիքների ու մանիպուլյացիաների տարափն իսկապես նողկալի էր, հատկապես երբ դա ցուցադրվում է Ռուսաստանի գլխավոր հեռուստաալիքի ամենադիտվող ժամին։ Բացի էսթետիկ կողմից, այդ հաղորդման ընթացքում փորձ էր արվում նսեմացնել մի շարք արժեքներ, միջամտել Հայաստանի ներքին գործերին, առկա էին վիրավորական արտահայտություններ, ատելության խոսք և այլ թշնամական դրսևորումներ։

Ռուս պաշտոնյաների, պրոպագանդիստների կողմից նման ակնհայտ ուղղորդված ձեռագրի դրսևորումը և այդ ամենի թողած ազդեցության վերլուծությունը մի շարք հետաքրքիր եզրակացությունների է հանգեցնում։ Նախ, պետք է նկատել, որ հակահայկական այս ալիքը սկսվեց մեկ ամիս առաջ` Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությամբ հայ բնակչությանն էթնիկ զտման և Ղարաբաղը հայաթափելուն զուգահեռ։ Այդ օրերին ռուսաստանյան լրատվամիջոցները գրեթե չանդրադարձան ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին ու բացարձակ չլուսաբանեցեին Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումը։ Փոխարենը ռուսական պետական լրատվական գործակալությունները և պետական հեռուստաալիքները գիշերուզոր լուսաբանում էին Երևանի բողոքի ակցիաները, իսկ ռուս քարոզիչները քաջալերում էին քաղաքացիներին փողոց դուրս գալ։

Ռուսական պետական լրատվամիջոցների արշավը և պրոպագանդիստների ուղղորդված ջանքերն ապարդյուն անցան, հասարակությունը պարզ գիտակցում էր, թե ինչ արհավիրք է վրա հասել Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցներին, ովքեր էին դրա իրական մեղավորները և ում անգործության ու թողտվության պատճառով տեղի ունեցավ էթնիկ զտումը։ Սակավամարդ ակցիաները շուտ մարեցին, իսկ ռուսաստանյան շրջանակները սկսեցին խորը հիասթափություն հայտնել ու մեղադրել ընդդիմության առաջնորդներին, որոնք, իբրև թե, անկարող եղան օգտագործել առիթը, բողոքի ալիք բարձրացնել ու հասնել իշխանափոխության։

Մեղավոր է Արևմուտքը, մեղավոր է Սորոսը, մեղավոր է Փաշինյանը

Ռուսական պրոպագանդայի և պաշտոնական հռետորաբանության վերոհիշյալ ձևափոխումն ունի մեկ շատ պարզ նպատակ․ համոզել նախևառաջ սեփական, ներքին լսարանին, այնուհետև Հայաստանի հասարակությանն ու Լեռնային Ղարաբաղից տեղահանված ժողովրդին, որ Ղարաբաղի հայաթափումը ոչ թե Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա քաղաքական առևտրի ու տարածաշրջանային վերադասավորումների արդյունք էր, այլ, իբր թե, Արևմուտքի դրդմամբ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության հետևանք, որը կանխելու համար Ռուսաստանը լծակներ չուներ։ Անշուշտ, Ղարաբաղյան երկրորդ պատերազմում պարտության համար Հայաստանի բոլոր ժամանակների, այդ թվում՝ ներկա իշխանություններն ունեն իրենց մեղքի չափելի ու հստակ բաժինները։ Սակայն տարածաշրջանային գերտերության քաղաքականությունը և դրա անդառնալի հետևանքները Հայաստանի գրպանում տեղավորելու փորձերը զավեշտալի են, ապարդյուն և անպատվաբեր։

Արևմուտքի և Հայաստանի դեմ սլաքներն ուղղելու նարատիվը որևէ տրամաբանական քննադատության և հարցադրումների չի դիմանում, այլ ավելի շուտ հիշեցնում է դասը չսովորած աշակերտի կցկտուր պատճառաբանություն և պատասխանատվությունից ամեն կերպ խուսափելու փորձ։ Կցկտուր պատճառաբանությունների շարքից է նաև ամենաբարձր մակարդակով հնչեցրած միտքը, թե Ղարաբաղում ռուս խաղաղապահներն, իբր թե, իրականացնում էին բացառապես դիտորդական առաքելություն։ Այնինչ, դեռևս խաղաղապահների տեղակայման օրերին ՌԴ նախագահը հայտարարում էր, թե խաղաղապահների առաքելությունը Ղարաբաղի բնակչության անվտանգության և արժանապատիվ կյանքի ապահովումն է։

Ռուսաստանում սեփական լսարանին մատուցվող այս զավեշտալի պատճառաբանությունները ինչ-որ սպառում գտնում են և արդյունք տալիս են։ Սակայն Ռուսաստանից դուրս ողջ աշխարհը և մասնավորապես՝ Հայաստանի հանրությունն ականատես է մի իրողության, երբ ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում հայ ազգաբնակչությունը ենթարկվել է էթնիկ զտման ու հայրենազրկման։ Բոլորն ականատես են եղել, որ ՌԴ երաշխավորությամբ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունն իր բոլոր կետերով առ ոչինչ է դարձել Ադրբեջանի ճնշման և ռազմական ագրեսիայի հետևանքով, ինչին հայտարարության երաշխավորը որևէ կերպ չի հակադարձել։ Բոլորը տեսել են, որ Ռուսաստանը չկատարեց իր ստանձնած կարևորագույն պարտավորությունները՝ ապահովել ԼՂ բնակչության անվտանգությունը, Լաչինի միջանցքի անցանելիությունը և այլ դրույթներ։ Բոլորն ականատես դարձան, որ հնարավոր է սպանել 5-6 ռուս խաղաղապահի, այդ թվում՝ խաղաղապահ առաքելության հրամանատարի տեղակալին, այնուհետև մեկ հեռախոսազանգով ու սպանվածների հարազատներին դրամական փոխհատուցում առաջարկելով՝ փակել խնդիրը։ Որքան էլ ռուսական քարոզչամեքենան ծայրահեղ ջանքեր գործադրի, որքան էլ ռուս պաշտոնյաները մանիպուլյացիոն հնարքներ կիրառեն, վերը նկարագրված իրողություններն բացահայտ ճշմարտություն են, որոնք անհնար է հերքել կամ խեղաթյուրել։ Եվ դրանք մնալու են պատմության էջերում և սերունդների հիշողության մեջ։

Թե ինչու է Ռուսաստանը հայտնվել այնպիսի վիճակում, որ ստիպված է առևտուր անել հայ ժողովրդի մի մասի հայրենազրկման, սեփական խաղաղապահների արյան, սեփական հեղինակության ջախջախման հաշվին և արդյունքում տարածաշրջանը փոքր, բայց վստահ քայլերով լքել, քննարկման այլ թեմա է։

Ռուսական պրոպագանդայի ցուգցվանգը և «անհուսալիության բրենդինգը»

Չնայած գործադրած ահռելի ջանքերին՝ ամենամեծ լսարաններն ունեցող լրատվական, քարոզչական հարթակների ու պրոպագանդիստների կեղտոտ քարոզչությունը, Հայաստանի դեմ ուղղված (ապա)տեղեկատվական ցունամին ալիք-ալիք փշրվում է՝ թողնելով բացարձակապես հակառակ ազդեցությունը։ Որքան ուժեղանում է Հայաստանի իշխանությունների դեմ ռուսական ապատեղեկատվական հարձակումը, այնքան Հայաստանի հանրային ընկալումներում ամրանում են իշխանության դիրքերը և «սրբագրվում» վերջիններիս թույլ տրված սխալները։ Որքան ակտիվանում են ՌԴ իշխանությունների թողտվության և ռուս խաղաղապահների անգործության հետևանքները Հայաստանի և հայ ժողովրդի վրա բարդելուն միտված մանիպուլյացիաները, այնքան հայկական տեղեկատվական հարթակներում ինտենսիվանում են «դավաճան Ռուսաստանի», ռուս-թուրքական գործարքների և նման այլ նարատիվներով հակազդումները։ Որքան հաճախ են հայկական ազգանունով անձինք հայ ժողովրդին մեղադրում անշնորհակալ լինելու համար, Հայաստանում այնքան հաճախ են հնչում ռուսական տարբեր ձևաչափերով ներկայությունը սահմանափակելու կոչերն ու պահանջները։ Նույն կերպ՝ որքան հաճախ են կրկնվում «ուր պետք է փախչեն» տեսակի նարատիվները, այնքան խորանում են, օրինակ, հայ-ֆրանսիական կամ հայ-հնդկական հարաբերությունները։

Ռուսական քարոզչության համար հայկական դաշտում ստեղծվել է մի իրավիճակ, երբ թե՛ լռելը, թե՛ հակաքարզչությունն իրենց համար ունենում է միայն բացասական հետևանք, ինչն օրինաչափ է և արդարացված։ Հայաստանի հանրության շրջանում այլևս գերիշխող է դարձել այն ընկալումը, որ Ռուսաստանը և ռուսական գրեթե ամեն ինչն անհուսալիության հոմանիշներն են։ Նման ընկալումը բացարձակապես չի ձևավորվել ինչ-որ առասպելական արևմտյան կառույցների կամ դեսպանատների ներգործությամբ, այն չի ձևավորվել վերջին ամսվա ընթացքում։ Ռուսաստանի «անհուսալիության բրենդինգը» մեկնարկել է Հայաստանի հետ կնքած դաշնակցային պայմանագրերի կոպտագույն խախտումներից և ավարտվել է Ղարաբաղի հայության առջև ստանձնած պարտավորություններից տոտալ հրաժարումով։

Որպես այդ բրենդինգի անբաժանելի մաս պատմության էջերում և սերունդների հիշողության մեջ մնալու են ռազմական ագրեսիայի ենթարկվելու ժամանակ Հայաստանի օգնության դիմումներն ու խնդրանքները, որոնք դաշնակցի կողմից անպատասխան մնացին, մնալու են 100 հազարից ավելի արցախահայերին 9-ամսյա անմարդկային շրջափակման ենթարկելը, սովամահ անելն ու այդ ամենի նկատմամբ դաշնակցի տոտալ անտարբերությունը: Մնալու է հայ ժողովրդի հազարամյա հայրենիքի մի մասից վտարվելու անդառնալի իրողությունը, մնալու է չմատակարարված զենքը, չարդարացված հույսը, ԼՂ նախագահների կործանարար հավատարմությունը Բաքվի բանտին մատնելը։

Արդի Ռուսաստանը Հայաստանին ու հայ ժողովրդին ուներ առաջարկելու ընդամենը մեկ արժեքավոր առաքելություն՝ Ղարաբաղը հայկական պահելը։ Սեպտեմբերի 19-ին Ռուսաստանը տապալեց այն։ Այժմ չկա այլ արժեքավոր առաքելություն կամ գործառույթ, որն ի վիճակի է առաջարկել այդ երկիրը։

«Անհուսալիության բրենդինգը» Ռուսաստանի դեպքում արդիական է ոչ միայն գլոբալ մակարդակում, այլև ռուսաստանյան բազմաթիվ ինստիտուտների հետ աշխատանքում։ Մեկ մասնավոր օրինակ․ ռուսաստանյան հարթակներում սեպտեմբերին հակահայկական քարոզչական ալիքից ընդամենը մեկ շաբաթ առաջ Երևանում անցկացվել էր Հայ-ռուսական առաջին մեդիաֆորումը։ Երեք օր շարունակ հայ և ռուս փորձագետները խոսվում էին մեդիադաշտում փոխադարձ հարգանքի և համագործակցության կարևորության մասին, մեդիաֆորումի արդյունքներով ստորագրվել էր բազմաթիվ վեհ արժեքների ու գաղափարների մասին հայտարարություն, միջոցառման մասնակիցներին վսեմ ուղերձով և քաջալերանքով էր դիմել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ Սակայն այն, ինչ ռուսական պրոպագանդան սկսեց դրանից ընդամենը մեկ շաբաթ անց և շարունակում է այժմ, տեղեկատվական իմաստով հիշեցնում է Գերմանիայի ուխտադրուժ հարձակումը ԽՍՀՄ վրա։

Ռուսաստանի տեղեկատվական քաղաքականության և ընդհանրապես Հայաստանի դեմ քաղաքականության ճարտարապետները համառորեն չեն կարողանում հասկանալ մեկ պարզ իրողություն, ինչը և դառնում է նրանց կողմից հնարված բոլոր սցենարների տապալման պատճառը։ Լավ, թե թերի, բայց Հայաստանը ժողովրդավարական երկիր է, Հայաստանում իշխանությունն ընտրվում և փոխվում է ազատ ընտրություններով, և հետևաբար օրվա իշխանությունների, կոնկրետ անձանց դեմ արշավը արշավ է ժոովրդավարության ուղին ընտրած մեծամասնության դեմ։ Իշխանությունները կգան ու կգնան, անձինք կփոխվեն, սակայն այդ փոփոխությունները պատմության դասագրքերում և սերունդների հիշողության մեջ ի զորու չեն լինի վերացնելու Ռուսաստանի վրա դաջված «անհուսալիության բրենդը»։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում