Արցախի ռազմաքաղաքական գործիչներին ազատ արձակելու խնդրով պետք է զբաղվի ՀՀ քաղաքական ղեկավարությունը, ինչն այս իշխանության դեպքում իրատեսական չէ․ «Արցախի ազատամարտիկների միության» անդամ

Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը և ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանն այս պահին գտնվում են ադրբեջանական գերության մեջ. 4 ամսով ձերբակալվել են, նրանց Բաքուն առաջադրել է մի քանի հոդվածներով մեղադրանքներ, որոնք իրականության հետ որևէ աղերս չունեն։ Ադրբեջանական բանտերում են նաև 44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարված հարյուրավոր քաղաքացիներ, որոնց Ադրբեջանը հրաժարվում է հանձնել Հայաստանին։

Արցախյան շարժման ակտիվ մասնակից, «Արցախի ազատամարտիկների միություն» հ/կ անդամ Եղիշե Առուշանյանը 168.am-ի հետ զրույցում խոսելով Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը գերությունից հայրենիք վերադարձնելու հնարավոր ճանապարհների մասին, նշել է, որ ժողովուրդը կարող է այս կամ այն միջազգային կառույցի մոտ բողոքել, նամակներ գրել ու հանձնել, սակայն դա դրական արդյունք չի կարող տալ, կլինի աղմուկ, և վերջ։ Դրական արդյունք կլինի, եթե խնդրով զբաղվի ՀՀ քաղաքական ղեկավարությունը, ինչն այս իշխանության դեպքում իրատեսական չէ։

«Առհասարակ նման մակարդակի պաշտոնյաների ճակատագիրը վճռվում է բարձր մակարդակներում, դա կարող է լինել ներքին պայմանավորվածություն Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների միջև կամ գերտերություններից որևէ մեկի ղեկավարի միջամտությամբ։ Եթե մենք նստենք Երևանում ու սպասենք, թե Բաքվի դատարանում կիրականացվի արդար դատավարություն ու նրանք կվերադառնան հայրենիք՝ սուտ է, ինքնախաբերություն։ Կրկնում եմ՝ այդ հարցով պետք է զբաղվի ՀՀ իշխանությունը, գոնե Արայիկ Հարությունյանը եղել է Հայաստանի այս իշխանությունների մարդը, ինչո՞ւ նրա ճակատագրով չեն զբաղվում»,- նշել է Եղիշե Առուշանյանը։

Որպես արցախյան ազատամարտի մասնակից, Եղիշե Առուշանյանը Հակարիի կամուրջն անցնելու իր հնարավորությունները համարել է շատ քիչ, քանի որ մինչ այդ զրուցել է ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի հետ, ով նրան ասել է՝ խիստ կասկածում է, որ իրենց կհաջողվի հատել Հակարիի կամրջի մոտ տեղադրված ադրբեջանական ապօրինի անցակետը։

«Սեպտեմբերի 27-ին հանդիպեցի Լևոն Մնացականյանի հետ, առանձին խոսեցինք։ Հետաքրքրվեցի, թե դուրս գալն իրատեսակա՞ն է։ Իր հետ զրուցելու նպատակը զուտ սա էր, ուզում էի հասկանալ՝ ինչպես ենք դուրս գալու ու ինչ ենք անելու։ Լևոնն ասաց՝ խիստ կասկածում է, որ Արցախից կկարողանա դուրս գալ, փաստորեն ճիշտ էր։ Ինքս այդ ապօրինի անցակետը շատ մեծ դժվարությամբ անցա՝ կրկնակի ստուգման ենթարկեցին, մեքենան ամբողջովին ստուգեցին, որի մեջ ընտանիքիս անդամներն էին։ Ադրբեջանցիները հենց անցակետում սկսեցին վիճել, քանի որ մի մասն ասում էր՝ թող անցնի, մյուս մասը դեմ էր, վերջին պահին համաձայնության եկան, ես անցա։ Իրականում ընտանիքս արդեն համակերպվել էր, որ կարող են ինձ տանեն։ Մեծ ցավ եմ ապրում, որ մեր էլիտան, մեր ղեկավար կազմը Բաքվում է»,- նշել է Եղիշե Առուշանյանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում