Լևոն Մնացականյանի, Բաքվի բանտերում գտնվող բոլոր մեր հայրենակիցների պաշտպանությունը առաջնահերթ խնդիր պետք է դառնա․ Տիգրան Աբրահամյան

Լևոն Մնացականյանի, Բաքվի բանտերում գտնվող բոլոր մեր հայրենակիցների պաշտպանությունը առաջնահերթ խնդիր պետք է դառնա․ Տիգրան Աբրահամյան
Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի անունը Բաքվի բանտերում գտնվող մեր 8 հայրենակիցներից ամենաշատն է քննարկվում, իսկ ավելի կոնկրետ` շահարկվում, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Նրա առևանգումից և ապօրինի կալանավորումից հետո տարատեսակ «սարսափ ֆիլմ» հիշեցնող պատմություններ, ասեկոսեներ, բամբասանքներ են տարածվում, ինչը բարեբախտաբար չի համապատասխանում իրականությանը:

Գեներալը ադրբեջանական բանտում է, և մեր ողջ ուշադրությունն ու ջանքերը պետք է կենտրոնացնել նրա և մեր մյուս` 7 հայրենակիցների ազատ արձակմանն ու հայրենիք վերադարձին, այլ ոչ թե հեքիաթներ տարածելուն կամ դրա դեմ պայքարին:

Պատկերացնում ե՞ք Մնացականյանի ընտանիքի, նրա հարազատների, ընկերների վիճակը, երբ նրա մասին հերթական կեղծ լուրն է հրապարակվում և տարածվում:

Խնդրում եմ` պարզապես մի արեք:

Տեղից արցախցիները հոգեբանական ծանր հարվածների և ապրումների մեջ են, հիմա էլ` նոր մտացածին պատմություններ կամ հրեշավոր նկարագրություններ:

Լևոն Մնացականյանն ու մեր 7 հայրենակիցները ադրբեջանական բանտերում են:

Եթե հնարավորություն չկա նրանց կամ նրանց ընտանիքի անդամներին որևէ ձևով սատարելու, ապա գոնե չպետք է վնասել կամ ցավ պատճառել:

Ազատությո՛ւն մեր հայրենակիցներին:

Հ․Գ. — Բաքվի բանտերում տարբեր պատերազմներով, իրողություններով, միջադեպերով պայմանավորված հայեր կան, որոնց պաշտպանությունն առաջին հերթին պետության և բոլորիս առաջնահերթ խնդիրը պետք է դառնա»,- ընդգծել է Տիգրան Աբրահամյանը:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում