44-օրյա պատերազմի հերոս Դավիթ Ուզունյանի հայրն իրականացրել է որդու երազանքը՝ ստեղծելով «Դադիտուն» այգին․ Լուսանկարներ

Հաղորդավար Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«2023 թվականի նոյեմբերի 23-ին «Մոսկվա» կինոթատրոնում «ORDER FILM PRODUCTION»-ը կազմակերպել էր իր նոր լիամետրաժ վավերագրական «Դավիթի այգին» ֆիլմի փակ դիտումը, որը վստահված էր ներկայացնել ինձ:

Ֆիլմը նվիրված էր 44-օրյա պատերազմի հերոսներից մեկին՝ Դավիթ Ուզունյանին, ով տարիներ առաջ դիտելով Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմը և տեսնելով ֆիլմի վերջում այն հրաշք այգին, որը նվիրում է Ազատը մայրիկին, խոստանում է, որ երբ հարստանա, նման մի այգի կնվիրի իր մայրիկին: Ցավոք, Դավիթը չվերադարձավ, սակայն իր երազանքն այսօր իրականություն դարձրեց նրա հայրը՝ Բագրատ Ուզունյանը, Քանաքեռավանում ստեղծելով Դավիթի երազած այգին՝ «Դադիտունը», ուր յուրաքանչյուր պտղատու ծառ կրում է մեր հերոսներից մեկի անունը:

Դավիթը միշտ ամեն ինչում ձգտել է լինել առաջինը, ընդ որում, ինքը ծնվել էր 2001 թվականի հունվարի 1-ին և պաշտոնապես Հայաստանում ճանաչվել է 21-րդ դարի առաջին ծնունդ: Երբ Ամերիկյան համալսարանի ուսանող Դավիթ Ուզունյանը պետք է մեկներ ծառայության, մինչ այդ ավտովթարի էր ենթարկվել: Մեկնեց ծառայության կոտրված ձեռքով: Լինելով ֆուտբոլիստ, հրաժարվեց ծառայել սպորտային վաշտում, ասելով՝ եթե ես ֆուտբոլ խաղամ բանակում, ո՞վ պետք է պոստերը պահի: Ահա այսպիսին էր 19-ամյա Դավիթ Ուզունյանը:

Եվ ահա «ORDER FILM PRODUCTION»-ը երեք տարի անընդմեջ նկարահանում էր «Դավիթի այգին» ֆիլմը: Սա երիտասարդ ռեժիսոր Գարուշ Ղազարյանի առաջին վավերագրական ֆիլմն է: Ավարտելով Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը և դիպլոմային աշխատանքը՝ «Իմ սև սիրտը» ֆիլմը, մեծ տարածում գտավ միջազգային կինոփառատոներում՝ ստանալով բազմաթիվ մրցանակներ։

Առաջին հաջողությունը գրանցեց նաև առաջին վավերագրական ֆիլմը՝ «Դավիթի այգին»: Այս տարի ֆիլմի նախագիծը Վիլնյուսի «Vilnius meeting point» կինոհարթակում արժանացել է հեղինակավոր Յիհլավայի միջազգային կինոփառատոնի «New vision» մրցանակին։

55 րոպե տևողությամբ ֆիլմի փակ դիտումից հետո, Դավիթի հայրը և ֆիլմի պրոդյուսեր Հայկ Օրդյանը հուշանվերներ հանձնեցին Դավիթի այգուց՝ «Դադիտնից», որտեղ զոհված զինծառայողների ծնողներն իրենց տղաների անունով ծառեր են տնկել: Հուշանվերները ծառերի տերևներից էին և պատրաստվել էին «Զինվորի տան» մեր զինվորների ձեռքերով:

Անչափ հուզիչ էր ինձ համար կարդալ անուն առ անուն մեր տղաների անունները, տեսնել հուշանվերը ստացող որդեկորույս ծնողներին:

Հավերժ փառք ու պատիվ մեր հերոսներին:

Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2024 թվականին՝ եվրոպական կինոփառատոներից մեկի ընթացքում:

Սա ևս մի փայլուն հնարավորություն է՝ աշխարհին ներկայացնելու հային և Հայաստանի հերոսներին, բարձրաձայնելու արցախյան ցեղասպանության մասին:

Ասում են․«Երբ որոտում են թնդանօթները՝ մուսաները լռում են»: Սա հին հռոմեական քաղաքական գործիչ և փիլիսոփա, նշանավոր հռետոր Մարկուս Տուլիուս Ցիցերոնի փոքր ինչ վերափոխած արտահայտությունն է: Նա ասում էր․«Երբ որոտում են թնդանօթները՝ օրենքները լռում են»: Թույլ տվեք չհամաձայնել: Բոլոր պատերազմների ժամանակ մշակութային գլուխգործոցներ են ծնվել: Հիշեք Արամ Խաչատրյանին, Դմիտրի Շոստակովիչին, Մարտիրոս Սարյանին…

Ուզում եմ շնորհավորել «ORDER FILM PRODUCTION»-ին՝ նոր արժեքավոր ֆիլմի կապակցությամբ: Իհարկե, ինչպես նշեց Հայկ Օրդյանը, սա միակ ֆիլմն է, որը չէր ուզի նկարել, սակայն, ցավոք, սա իրականություն է և մեր դաժան պատմությունն է։ Մենք չպիտի լռենք:

Եվ վերջում ներկայացնեմ «Դավիթի այգին» վավերագրական ֆիլմի ստեղծագործական խումբը․
Բեմադրող ռեժիսոր ` Գարուշ Ղազարյան
Սցենարի հեղինակներ՝ Ալինա Օրդյան, Սառա Նալբանդյան
Բեմադրող օպերատորներ` Վահե Տերտերյան, Ֆրունզիկ Զաքարյան, Էդգար Հարությունյան
Երաժշտությունը՝ Դավիթ Դավթյանի
Գործադիր պրոդյուսեր՝ Անի Օրդյան
Պրոդյուսեր՝ Հայկ Օրդյան»։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: