«Օրեր առաջ Դիմաց լեռան գագաթին համերգի ժամանակ Հայոց բնաշխարհում կատարեցինք Կոմիտասի երգերը»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանը:
Հայկի խոսքով՝ ծրագրի գաղափարը Վարուժ Բաղդասարյանինն էր: Միտքը հետևյալն էր՝ բարձրանալ Տավուշի ամենագեղեցիկ վայրերից մեկը՝ Դիմաց լեռը, որտեղից դրախտային տեսարան է բացվում, և այնտեղ երգել Կոմիտաս:
«Բավական դժվար էր բարձրանալ լեռը, ամենագնացներով բարձրացանք, բարդ ճանապարհ անցանք: Ինձ թվում է՝ այդ օրը բոլորի համար մարտահրավեր էր, թե՛ կազմակերպիչների, թե՛ մեզ համար, որ ելույթ էինք ունենում, թե՛ հանդիսատեսի: Բարդ ճանապարհը հաղթահարելուց հետո անձրև սկսվեց, որի տակ դժվարությամբ, բայց հնարավոր եղավ ելույթ ունենալ: Շատ շոյված, զգացված և տպավորված եմ հանդիսատեսի վերաբերմունքից, որ չնայած անձրևին, մնացին մինչև համերգի ավարտը: Մեզ հետ էր տաղանդավոր «Խազեր» երգչախումբը, նաև հրաշալի պարի խումբ ներկայացավ»,- պատմեց երգիչը: Նրա խոսքով՝ շատ հետաքրքիր փորձառություն էր:
«Եթե եղանակը լավը լիներ, ավելի լավ ելույթ կունենայինք, մի պահ մառախուղ սկսվեց, մշուշ եկավ, մեզ պատեց, բայց բոլորը շատ ոգևորված էին: Նպատակասլաց կերպով համերգը տարանք մինչև վերջ: Անչափ շնորհակալ եմ հանդիսատեսին, որ եկավ, հասան այդ բարձունք, ու մինչև վերջ դիմացավ եղանակային պայմաններին: Շնորհակալ եմ նաև երգչախմբին կախարդական կատարման և ամբողջօրյա հրաշալի արշավը կազմակերպելու համար։ Դեռ տպավորված եմ օրվա դրական լիցքերով և մեր լեռնային բնության գեղեցկությամբ: Անհամբեր սպասում եմ ձեզ հետ նոր հանդիպումներին»,- ամփոփեց Հայկը: