Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցի շրջանակում կազմակերպված պետական ընթրիքի ընթացքում ունեցած բաժակաճառի ժամանակ ընդգծել է, որ Հայաստանի ներկայիս զարգացման փուլում Մակրոնի դերակատարությունը եղել է շրջադարձային։
«Արմենպրեսի» փոխանցմամբ, նա ասել է, որ նոր իրականության և տարածաշրջանային ռազմավարության ձևավորման առանցքային հանգրվանը եղել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումը, որտեղ, Փաշինյանի բնորոշմամբ, Էմանուել Մակրոնը հանդես է եկել բացառիկ վճռականությամբ և սկզբունքայնությամբ։
«Այն, ինչ ես այդ օրը տեսել եմ՝ այդպիսի համոզմունք, նվիրվածություն, սկզբունքայնություն և վճռականություն, ես չեմ կարդացել ոչ մի գրքում», – նշել է Փաշինյանը՝ հավելելով, որ այդ հանդիպման ընթացքում ձևավորված մոտեցումները դարձել են Հայաստանի ներկայիս իրականության հիմքերից մեկը։
Փաշինյանի գնահատմամբ՝ այդ գործընթացները նպաստել են Հայաստանի խաղաղության, անվտանգության և զարգացման հեռանկարների ձևավորմանը։
«Երբ թվում էր, թե Հայաստանը չունի հույս և հենարան, մենք զգացինք և շոշափեցինք նախագահ Մակրոնի ձեռքը», – ասել է նա՝ նշելով, որ այդ աջակցությունը արտահայտվել է կոնկրետ քայլերով և որոշումներով։
Փաշինյանը հավելել է, որ իր պաշտոնավարման ընթացքում չի հիշում դեպք, երբ Հայաստանի պետական շահերին վերաբերող հարցերում Մակրոնի արձագանքը չլինի արագ, կոնկրետ և գործնական։
