10 հայ գերիներին Ադրբեջանից Հայաստան տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարեց «Էրեբունի» օդանավակայանում։
Հայ ռազմագերիներով ինքնաթիռը վայրէջք է կատարում Էրեբունի
Ժամեր առաջ հայտնի դարձավ, որ Ադրբեջանն այսօր Հայաստանին է փոխանցել նոյեմբերի 16-ին սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ գերեվարված 10 հայ զինվորականի։
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության պետի նախկին տեղակալ Բորիս Ավագյանը Facebook–ի իր էջում գրեց, որ գերիների վերադարձը հերթական անգամ կազմակերպել է ռուս գեներալ Ռուստամ Մուրադովը։ Նա Բաքու է մեկնել հույժ գաղտնի պայմաններում, անգամ գերիների վերադարձի մասին տեղեկությունները մինչև վերջին պահը գաղտնի են պահվել։
Ավելի ուշ հայտնի դարձան նաև Հայաստան վերադարձող գերիների անունները` Երիմյան Նարեկ Վոլոդյայի, Առաքելյան Արայիկ Արշալույսի, Ամիրխանյան Սերժիկ Սամսոնի, Հակոբյան Գևորգ Արայիկի, Նալբանդյան Ռոբերտ Մամիկոնի, Սարգսյան Հարութ Արամայիսի, Մանասյան Արտյոմ Սուրենի, Ավետիսյան Էրիկ Հունանի, Թևոսյան Արման Արթուրի, Հակոբյան Տիգրան Արմենի։