Այսպիսի սացիվի դուք դեռ չեք փորձել. համն անմահական է

Վրացական այս ուտեստը վերջին տարիներին դարձել է նաեւ հայկական ամանորյա սեղանների անբաժան նախուտեստներից մեկը: Սացիվիի տարբեր տարատեսակներ կան, այս եղանակը ես սովորել եմ ծնունդով ախալցխացի մի հրաշալի կնոջից:

Անհրաժեշտ մթերքները՝
Հավ- 1 հատ (կարող եք վերցնել նաեւ հավի առանձին կտորներ, սակայն միայն կրծքամիս պետք չի վերցնել, քանի որ կրծքամսից այնքան էլ համեղ արգանակ չի ստացվում) ընկույզ-1-2 բաժակ սխտոր-3-4 պճեղ համեմունքներ՝ աղ, սեւ պղպեղ, խմելի սունելի, ուցխո սունելի, շաֆրան, կարմիր պղպեղ, համեմի սերմ։

Պատրաստման եղանակը՝

Հավը մաքրել, լվանալ, կտրատել եւ դնել եփվելու: Եփելու ընթացքում ցանկալի է հավի հետ միասին ջրին ավելացնել մեկ գազար՝ երկայնքով միջից կիսված, մեկ սոխ, մեկ պճեղ սխտոր, քարավուզի մեկ ճյուղ, մեկ դափնետերեւ: Աղն ավելացրեք ամենավերջում՝ անջատելուց հինգ րոպե առաջ: Այս ամենը ձեր արգանակը ավելի համեղ դարձնելու համար է: Հավը պետք է եփել այնքան, մինչեւ միսը հանգիստ ոսկրահան լինի: Միսը առանձնացրեք, կարող եք նաեւ ոսկրահան անել, իսկ արգանակը քամեք: Սովորաբար հավը խոշոր կտորներով են թողնում: Ես նախընտրում եմ մանր եւ անոսկոր կտորների բաժանել: Վարվեք այնպես, ինչպես հարմար եք գտնում: Այժմ հարկավոր է աղալ ընկույզը: Ընդ որում՝ ցանկալի է հենց աղալ եւ ոչ թե փոշիացնել բլենդերով, որովհետեւ մսաղացով աղալու պարագայում ընկույզը յուղ է արտազատում, որը շատ կարեւոր է սացիվիի որակի համար:

Աղացած ընկույզը եւ հավի արգանակը լցնել էմալապատ կաթսայի մեջ՝ 1 բաժակ ընկույզին 1,5 բաժակ արգանակ հաշվով: Ավելացրեք քերած սխտորը, համեմունքները՝ յուրաքանչյուրից կես թեյի գդալ, եւ դրեք կրակին, թողեք հասնի եռման աստիճանի, բայց մի եռացրեք, խառնեք փայտե գդալով: Լցրեք պատրաստի հավի կտորների վրա, թողեք սառչի եւ մատուցեք: Ի դեպ, սացիվիի գույնը կախված է համեմունքներից՝ եթե շաֆրան չավելացնեք, ավելի հողագույն կստացվի, շաֆրանի շատ լինելու դեպքում դեղին է դառնում: Մի անգամ համեմի աղացած սերմի փոխարեն թարմ համեմ էի աղացել՝ շատ հետաքրքիր կանաչ գույն էր ստացել եւ շատ համեղ էր: Այնպես որ՝ պատրաստեք ձեր ցանկացած եղանակով: Բայց չմոռանաք մեկ-երկու բաժակ արգանակ մի կողմ դնել, որովհետեւ սացիվին սառելուց հետո պնդանում է, եթե զգաք շատ է պնդացել, կարող եք պահած արգանակով բացել:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում