Հայաստանում աճեցվում է աշխարհի ամենաթանկ համեմունք համարվող քրքումը (շաֆրան)։ Դրա 1 կգ–ը համաշխարհային շուկայում կարող է տասնյակ հազար դոլարներ արժենալ։ Հայկական հողում աճեցված շաֆրանին տրվել է որակի ամենաբարձր կարգը։ Այն գործածում են Եվրոպայի բարձրակարգ խոհարարները։
Արդեն 3 տարի է՝ Տավուշի մարզում՝ սահմանամերձ Սարի գյուղում, աճեցվում է աշխարհի ամենաթանկ համեմունք համարվող շաֆրանը՝ քրքումը։ Ամենաբարձր որակի շաֆրանի մեկ գրամն աշխարհում միջինը 40-50 դոլար արժե։ Հայաստանում աճեցվող շաֆրանն օրգանական ու պրեմիում, այսինքն ամենաբարձր՝ առաջին կարգի է։
Ու դա ոչ թե մենք՝ հայերս ենք գլուխ գովելով ասում կամ արտադրողներն իրենք, այլ ֆրանսիական ու գերմանական լաբորատորիաները։ Հայաստանում աճեցվող շաֆրանը պրեմիում է բոլոր երեք չափանիշներով՝ համ, բուրմունք և գույն։ Շաֆրանի աճեցման մշակույթը Հայաստան 3 շվեյցարացիներ բերեցին, նրանցից մեկն ազգությամբ հայ է, ծնունդով` Սարիգյուղից։
Շաֆրանն անվանում են «համեմունքների թագավոր», իսկ ես շաֆրանի ծաղիկները տեսնելուց հետո պնդում եմ, որ այն «համեմունքների թագուհին է»։ Աշխարհի ամենաթանկ համեմունքի համարում ունեցող շաֆրանը ստացվում է Crocus sativus կոչվող ծաղիկներից։ Կրոկուսը նման է մեր ձնծաղիկին՝ փոքրիկ, մանուշակագույն ու շատ անուշաբույր։
Ծաղկի առէջները խնամքով առանձնացնում են, չորացնում, ու ծնվում է շաֆրանը։ Մոտ 150 ծաղկից հազիվ 1 գրամ համեմունք է ստացվում։ Առաջին հայացքից ամեն ինչ հեշտ է թվում, բայց բարձրորակ, թանկարժեք շաֆրան ստանալն իրականում բարդ, բազմաթիվ նրբություններ ունեցող գործ է։
Այն դեղնավուն փոշին, որը մենք շուկաներից, խանութներից գնում ենք շաֆրանի անվան տակ մի քանի հարյուր դրամով, իրականում շաֆրան չէ, այլ մի քանի անգամ ավելի մատչելի համեմունք, սովորաբար՝ կուրկումա։
Որոշ հետազոտողներ համարում են, որ շաֆրանն աշխարհի ամենահին համեմունքն է։ Ապացուցված է, որ նեոլիթյան դարաշրջանին վերագրվող ժայռապատկերներն անելիս շաֆրանը որպես գունանյութ է օգտագործվել։
Առաջին գրավոր հիշատակումը շումերներից է մեզ ասել։ Դեռևս 10․000 տարի առաջ պարսիկներն այս ծաղկից արդեն անուշաբույր յուղեր էին պատրաստում։ Հայտնի է, որ Ալեքսանդր Մակեդոնացու զինվորներն այն կիրառում էին վերքերը բուժելու համար, իսկ հենց ինքը՝ Մակեդոնացին, շաֆրանն ավելացնում էր գինու մեջ, սիրում էր նաև շաֆրանով լոգանքներ ընդունել։
Ի դեպ, շաֆրանով լոգանք էր սիրում նաև Կլեոպատրան, դա նրա առասպելական հմայքի ու հավերժ երիտասարդության գաղտնիքներից մեկն էր։ Այս ծաղկի մասին հիշատակումներ կան նաև Նոր Կտակարանում (որպես ներկանյութ և անուշաբույր միջոց)։
Շաֆրանն արևելքից Եվրոպա է բերվել Խաչակրաց արշավանքների ժամանակներում։ Մեծ Բրիտանիայի Էսսեկս կոմսությունում մի քաղաք կա՝ Սաֆրոն Ուոլդեն․ այն միջնադարում հայտնի է եղել շաֆրանի մշակությամբ, անունը պահպանվել է մինչև օրս։ Միջին դարերում Եվրոպայում այս ծաղիկն ասոցացվում էր հարստության և բարեկեցության հետ։
Իսպանիան եվրոպական առաջին երկիրն էր, որտեղ շաֆրանի պլանտացիաներ հիմնվեցին, 1963 թվականից սկսած Իսպանիայի Կոնսուեգրա քաղաքում նաև շաֆրանի ամենամյա փառատոն է անցկացվում։ Արևելքից Եվրոպա, այստեղից էլ՝ Ամերիկա․ այսպես համեմունքն ամբողջ աշխարհում տարածվեց ու հայտնի դարձավ։
Դեռևս հին ժամանակներից շաֆրանը հայտնի է իր օգտակար հատկություններով։ Այն հզոր հակաօքսիդանտ է, համարվում է հակաբորբոքային միջոց։ Բարձրացնում է տրամադրությունը, վերացնում է սթրեսը, ըստ որոշ հետազոտությունների՝ օգնում է պայքարել քաղցկեղի դեմ, արդյունավետ միջոց է նաև կանացի ցավերի դեպքում։
Շաֆրանը հնուց հայտնի է նաև որպես աֆրոդիզիակ. մաքրում է արյունը, կարգավորում շրջանառությունը, կանխում է սրտանոթային հիվանդությունների առաջացումը, կարգավորում ախորժակն ու նպաստում քաշի իջեցմանը։ Այն օգնում է պահպանել հիշողությունը, օգտակար է Ալցհեյմեր հիվանդությամբ տառապող մարդկանց, վատ տեսողություն ունեցողների համար և այլն։
Բոլոր այս օգտակար հատկությունների կողքին չպետք է մոռանալ, որ ամեն ինչ լավ է չափի մեջ։ Այսօր աշխարհում շաֆրանի առաջատար արտադրողը մեր հարևան Իրանն է։ Աշխարհում սպառվող շաֆրանի մոտ 80 տոկոսն Իրանում է աճեցվում։