Այսօր՝ նոյեմբերի 6-ին, բարի ու արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07:30-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնություն հերթական ահազանգն է ստացվում, որ Արաբկիր վարչական շրջանի Համո Սահյան փողոցի տներից մեկում հղիի մոտ ծննդաբերության նշաններ են առաջացել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շատ արագ նշված հասցե է ժամանում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը՝ առաջին հերթին վարորդ Ռուբեն Հակոբյանի շնորհիվ, ու արդեն նշված տանը բժշկուհի Անահիտ Մուքոյանն ու բուժքույր Ջուլիետա Գասպարյանը ծննդկանին ցուցաբերում են առաջին բուժօգնությունը, կտրում և կապում են երեխայի պորտալարը, ապա տեղափոխում Երևանի «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ», որտեղ էլ իրենց մասնագիտական հմտություններով փայլում է տեղի բուժանձնակազմը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ծննդկանը 33-ամյա օտարերկրացի է, երեխան էլ աղջիկ է, իսկ մայրը հայտնել է՝ քանի որ շտապօգնության բուժանձնակազմի շնորհիվ փրկվել է թե՛ իր, թե՛ աղջկա կյանքը, աղջկա անունն ի պատիվ բժշկուհու դնելու է Անահիտ։
