Նոր տարին նշելու համար որ երկրներին են նախապատվություն տալիս ՀՀ քաղաքացիները. ինչու է Վրաստանը դուրս մղվում շուկայից

ՀՀ-ում բնակվող քաղաքացիներն արդեն սկսել են Ամանորը դրսում անցկացնելու համար նախատեսված փաթեթների ամրագրումները:

Նոր տարին դրսում նշել ցանկացող մեր քաղաքացիներն ինչպես վերջին մի քանի տարիներին, այս տարի նույնպես ամենաշատը նախապատվությունը տալիս են Եգիպտոսին: Երկրորդ երկիրը, որը մեր քաղաքացիների համար ցանկալի վայր է տոներն անցկացնելու, Դուբայն է: Այս երկրներին հաջորդում են Արաբական Միացյալ էմիրություններն ու եվրոպական որոշ երկրներ: Վերջին մի քանի տարում ամենապահանջված եւ մատչելի Վրաստանը կարծես թե մեր քաղաքացիների համար որպես ցանկալի երկիր տոներն անցկացնելու համար դուրս է մնում ցանկից: Ինչի մասին նաև «Հայկական ժամանակի» հետ զրույցում վստահեցրին բազմաթիվ տուրիստական գործակալություններից:

Տուրմենեջերների համոզմամբ՝ մեկնման երրորդ օրը թեստավորվելու վերաբերյալ՝ Վրաստանի պարտադիր պահանջը կորցնում է այդ երկիր գնալու ցանկությունը: Ի տարբերություն Վրաստանի՝ Եգիպտոսն այդ առումով ամենահարմար տարբերակն է: Այնտեղ պատվաստված անձանցից թեստավորում չի պահանջվում: Իսկ այն անձինք, որոնք պատվաստված չեն, միայն մեկնման համար են թեստի բացասական պատասխան ներկայացնում:

«Վրաստանը բաց է, բայց մարդիկ այս պատերազմից հետո չեն ուզում այնտեղ գնալ: Եթե անցած տարիներին Վրաստանում Նոր տարի նշող զբոսաշրջիկների 90 տոկոսը հայերն էին, այս տարի շատ հնարավոր է՝ Հայաստանից գրեթե մարդ չլինի»,- ասաց «Ախթամար տուր» տուրիստական գործակալության ղեկավար Վահան Հակոբյանը, սակայն նշելով, որ, համավարակով պայմանավորված, շատ ուղղություններ դեռ շարունակում են փակ մնալ:

Համեմատելով այս եւ նախորդ տարիների արտագնա տուրիզմի ակտիվությունը՝ Հակոբյանը նկատեց՝ տեմպը միանշանակ թուլացել է, նախկինի անգամ 30 տոկոսը չի կազմում: Իսկ նախորդ տարիներին ունեցած արդյունքներին հավասարեցնելու մասին առայժմ անգամ մտածելն է շատ վաղ:

Գործակալություններից նաեւ վստահեցնում են՝ արտագնա տուրիզմի վրա բացասաբար է անդրադարձել տոնական օրերի կրճատումը: Եթե մարդիկ նախկինում կարող էին 7 կամ 10-օրյա փաթեթներ ամրագրել, ապա այս տարի դա հնարավոր չէ: 2-3 օրվա համար փաթեթներ հիմնականում չկան, մյուս կողմից մարդիկ էլ իմաստ չեն տեսնում ավիատոմսի, թեստավորման եւ այլ գումարներ ծախսել, բայց նախկին 7 օրվա փոխարեն 3 օր հանգստանալ:

«Լոկա» տուրիստական գործակալությունից էլ մեզ հայտնեցին, որ ցանկալի երկրների թոփ տասնյակի առաջին հորիզոնականում իրենց պարագայում էլ է Եգիպտոսը, երկրորդը՝ Միացյալ Արաբական էմիրություններն է, ապա եվրոպական երկրները եւ Մալդիվյան կղզիները: Եվրոպական երկրներից մեր քաղաքացիներն ընտրում են այնպիսինները, որտեղ ընդունվում են պատվաստանյութերի մի քանի տարբերակներ: «Այս պահին մեզ համար ընդունված ուղղություններից են Իսպանիան, Ֆրանսիան, Վիեննան եւ Հունաստանը»,- հայտնեց գործակալության տուրմենեջեր Աննա Ասատրյանը: Ասատրյանը նաև նկատեց, որ նախորդ տարիների համեմատ արտագնա տուրիզմը գրեթե 40 տոկոսով նվազել է:

«Սանտա Մարիա տուր» տուրիստական գործակալությունից ևս նշեցին, որ պատվերները հիմնականում Եգիպտոսի ուղղությամբ են: Տուրմենեջերի փոխանցմամբ՝ ներգնա տուրեր էլ ունեն, բայց դրանք շատ չեն:

«Լինկ տուր Էյր» տուրիստական գործակալությունում եւս առաջատարը Եգիպտոսն է, իսկ հետո՝ Դուբայը: Գործակալության տուրմենեջերի խոսքով՝ դեպի Եվրոպա ուղղություններով ամրագրումներն ակնհայտորեն ավելի քիչ են: Հիմնականում տուրեր են վերցրել դեպի Ֆրանսիա եւ Իսպանիա: Իսկ դեպի Վրաստան ուղղությունը նախորդ տարիների համեմատ անհամեմատ քիչ է:

«Ռիմա Թրավել» տուրիստական գործակալության տնօրեն Ռիմա Խաչատրյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում նույնպես փաստեց, որ ՀՀ քաղաքացիները հիմնականում Եգիպտոս են մեկնում: Ըստ Խաչատրյանի՝ պատճառն այն է, որ այդ երկրում համեմատաբար ամեն ինչ մատչելի է, հատկապես առաջարկվող ամանորյա շքեղ փաթեթները: «Ռիմա Թրավելի» տնօրենի դիտարկմամբ՝ չնայած Հայաստանում բավականին թանկ են ամանորյա փաթեթները, սակայն մեր երկրի տարածքում իրենց առաջարկած բոլոր տեղերը նույնպես սպառված են:

«Ես տեսնում եմ, որ Վրաստանն արդեն շուկայից դուրս է մղվում: Անգամ հարցումներ չունենք դեպի այդ երկիր փաթեթներն ու պայմանները ճշտելու համար: Կարծում եմ՝ թեստը եւ պատվաստումն այնքան չեն ազդել, որքան հետպատերազմական իրավիճակը: Մեր քաղաքացիներից շատ եմ լսում, որ Վրաստանում մեծ թվով ադրբեջանցիների գտնվելն է նպաստել նրան, որ մեր հայրենակիցները չգնան այդ երկիր»,- ասաց նա:

Ռիմա Խաչատրյանը նկատեց՝ շատ լավ կլիներ, որ տուրիստական գործակալություններին տեղեկացնեին, թե որ երկրներն են պահանջում պարտադիր պատվաստում, որոնք թեստավորում, եւ, առհասարակ, համավարակով պայմանավորված՝ ինչ սահմանափակումներ ու փոփոխություններ են տեղի ունենում: «Շատ դժվար է տուրիստական գործակալությունն իր աշխատանքի հետ համատեղում այդ հարցերով զբաղվելը: Մեր աշխատակիցներն առավոտից երեկո ուսումնասիրում են տարբեր երկրների պահանջները, որպեսզի կարողանանք ճիշտ տեղեկություն փոխանցել զբոսաշրջիկներին, չգնան այնտեղ ու փաստի առաջ կանգնեն»,- եզրափակեց Խաչատրյանը:

armtimes.com

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում