Երեւանի ավագանու այսօրվա՝ դեկտեմբերի 22-ի նիստում տեղի ունեցավ քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու և Հրաչյա Սարգսյանին քաղաքապետ ընտրելու քվեարկությունը:
Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել է ավագանու 57 անդամ: Քվեարկության արդյունքում Հրաչյա Սարգսյանին քաղաքապետ ընտրելու կողմ է քվեարկել ավագանու 44 անդամ, դեմ է քվեարկել 10-ը: Անվավեր է համարվել 3 քվեաթերթիկ:
«Այսպիսով պետք է արձանագրել, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու որոշման նախխագիծը ստանում է դրական արդյունք: Շնորհավորում եմ պարոն Սարգսյան»,-ասաց նիստը վարողը:
Սրան հետևեցին ծափահարություններ:
Նշենք, որ Երևանի ավագանին այսօր՝ դեկտեմբերի 22-ին արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում միայն մեկ հարց է՝ «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը: Նախագծով առաջարկվում է Երևանի քաղաքապետ ընտրել փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը ստորագրահավաք է իրականացրել Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցով: Այդ նախաձեռնությանը կողմ է արտահայտվել ԲՀԿ խմբակցությունը, իսկ «Լույս» խմբակցությունից միայն Անի Խաչատրյանը:
Բացի այդ, «Իմ քայլը» խմբակցությունից մի քանի անդամներ դեմ են արտահայտվել այդ նախաձեռնությանը և վայր դրել մանդատները: