Արեն Ավագի Չոբանյանը ծնվել է 2001թ-ի մայիսի 30-ին Լոռու մարզի Ագարակ գյուղում: 2007թ-ին հաճախել է դպրոց։ Մինչև 4-րդ դասարանը սովորել է Յաղդան գյուղի 9-ամյա դպրոցում, հետո տեղափոխվել Ագարակի միջնակարգ դպրոց։ 2019թ-ին ավարտել է դպրոցը։ Լավ է սովորել, մասնակցել է դպրոցական բոլոր միջոցառումներին։ Ավարտելուց հետո ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ։ Ցանկանում էր սպորտային մեկնաբան դառնալ։ 2019թ-ի հուլիսի 22-ին զորակոչվել է բանակ։
Արենը 6 ամիս ծառայել է Արմավիրի զորամասում, ապա տեղափոխվել Իվանյան։ Լավ է ծառայել, շնորհակալագրեր ու պատվոգրեր են ուղարկել։ Որպես լավագույն նշանառու, նրան «Զինուժ» հաղորդումը նկարել էր։ Նաև կորոնավիրուսի վերաբերյալ տղաների հետ գովազդ են նկարել։
Սեպտեմբերի 28-ի կեսօրին Արենը զանգահարել է ընտանիքի անդամներին և տեղեկացրել, որ իրեն տարել են Եղնիկներ։
Արենը թշնամու 4 տանկ է խոցել, առաջխաղացումն է կասեցրել ու օգնել են, որպեսզի Թալիշի գյուղացիներն անվնաս դուրս գան գյուղից։ Այնուհետև տեխնիկայով թշնամու պաշտպանությունը ճեղքելով անցել են նրանց թիկունքը, որ կռիվը շարունակեն։ Ցավոք ուժերի անհավասար լինելու պատճառով չենթարկվելով «նահանջ» հրամանին անցել են Արեգա լեռան հետևը, որտեղ և պայթեցրել են։
Զոհվել է սեպտեմբերի 29-ին՝ Թալիշ-Մատաղիս-Եղնիկներ հատվածում։
Արցախի նախագահը պարգևատրել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Հերոսի հուղարկավորությունը եղել է մայիսի 19-ին։