Այս լուսանկարները պետք է տպվեին ամուսիններ Դավիթ և Նինա Դավթյանների նոր անձնագրերում։ Նրանց նախկին անձնագրերի վավերականության ժամկետը լրացել էր, և որպեսզի լուսանկարվելու համար Վարդաշատից Հադրութ չհասնեին, նրանց թոռն էր եկել և լուսանկարել տատին ու պապին, այնուհետև նկարները տարել անձնագրային բաժին։

Այս մասին գրում է Hetq.am-ը։
Սակայն Դավիթ և Նինա Դավթյաններն այդպես էլ չհասցրին նոր անձնագրեր ունենալ, քանի որ 44-օրյա պատերազմի ընթացքում իրենց իսկ տան մեջ սպանվեցին գյուղ ներխուժած ադրբեջանցի զինծառայողների կողմից։
Դավիթ Դավթյանը 86 տարեկան էր, իսկ նրա կինը՝ Նինա Դավթյանը՝ 82։ Նրանք ամբողջ կյանքում ապրել են Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղում։ Հադրութից մոտ 3․5 կմ հեռավորության վրա գտնվող փոքր գյուղը ադրբեջանցիների վերահսկողության տակ է անցել հոկտեմբերի 10-ին։ Ամուսիններն ունեցել են չորս զավակ՝ երեք դուստր, որոնք ապրել են Հադրութ քաղաքում և մեկ որդի, որն ապրում է Ռուսաստանի Գելենջիկ քաղաքում։ Նրանց ավագ դուստրը՝ Գալյա Բաբայանը, պատմում է, որ վերջին անգամ ծնողների հետ խոսել է սեպտեմբերի 30-ին, հորդորել է ծնողներին հրետակոծություններից պաշտպանվելու համար թաքնվել տան նկուղում։ Այնուհետև, նրա քույրերն են կապի մեջ եղել ծնողների հետ։ Հոկտեմբերի 5-ին նրանց մյուս դստեր ամուսինը գնացել է Վարդաշատ, որպեսզի գյուղից դուրս հանի նրանց, սակայն ամուսիններն ասել են՝ դուք գնացե՛ք, մատաղ, մենք մեր տանն ենք մնում։
«Իրանք չեն պատկերացրել, որ թուրքերը կարան գյուղ մտնեն։ Մենք էլ չենք պատկերացրել։ Հադրութից խալաթով ու դամաշնիկներով ենք դուրս եկել, ոչ մի բան չենք վերցրել, որովհետև գիտեինք, որ հետ ենք գալու։ Ով կմտածեր, որ թուրքը կգա, կհասնի Հադրութ»,- պատմել է Գալյա Բաբայանը։
Դավիթ և Նինա Դավթյաններին վերջինը տեսել է Վարդաշատի համայնքապետ Ռուսլան Սողոմոնյանը՝ հոկտեմբերի 8-ին։ Նա պատմում է, որ պատերազմի ընթացքում գրեթե ամեն օր տեսել է տարեց ամուսիններին, համոզել, որ նստեն մեքենան և դուրս գան գյուղից, սակայն նրանք կտրականապես հրաժարվել են։
«Դավթյաններին համարյա ամեն օր տեսնում էի, հաց էի տանում, շաքարավազ էի տանում, ինչ-որ կար տանում էի, դե տնից դուրս չէին գալիս։ Երբ գնացել եմ, ասել եմ՝ ավտո կա, եկե՛ք, նստե՛ք, գնացե՛ք ապահով տեղ, մինչև տեսնենք էս կրակոցներն ինչ ա լինում։ Ասում էին՝ չէ՛, մեր տնից ու՞ր գնանք, որ գնանք, կգան մեր տունը կթալանեն։ Ասում էի՝ ես գյուղում եմ հլը, կնայեմ ձեր տունը, մենակ դուք դու՛րս եկեք։ Ամսի 8-ին վերջին անգամ գնացի, ասեցի՝ դուրս եկեք, էլի, վիճակը լավ չի, տան վրա մի սնարյադ կընկնի։ Բայց դուրս չեկան տենց էլ։ Ամսի 9-ին Հադրութ էի իջել, 10-ին էլ դե արդեն թուրքերը մտել էին»,- հիշում է Ռուսլան Սողոմոնյանը։
Հոկտեմբերի 10-ից հետո Դավթյանների զավակները դիմել են տարբեր կառույցների՝ ծնողներից լուր իմանալու համար, մտածել են՝ գուցե, վերջիվերջո, այլ գյուղացիների հետ դուրս եկած լինեն, սակայն այդպես չի եղել։ Նինա Դավթյանի աճյունը հայտնաբերվել է 2020թ․ դեկտեմբերի 19-ին՝ Վարդաշատի իրենց տանը։

Եվ քանի որ Դավթյանների տնից միայն կնոջ աճյունն էր հայտնաբերվել, զավակները հույս են ունեցել, որ հայրը գոնե գերեվարված կլինի։ Դիմել են Կարմիր խաչին, որոշ ժամանակ սպասել են, սակայն գերության մասին տեղեկությունն այդպես էլ չի հաստատվել։ 2021թ․ հունվարի 11-ին Դավիթ Դավթյանի աճյունը հայտնաբերվել է Վարդաշատի իրենց տան բոստանից։
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում
