Մամ, զինվորներս խաչ են դարձել պարանոցիս փաթաթված, էսքան արյան մեջ ո՞նց եմ ապրելու. Հերոս հրամանատարի վերջին խոսքերը

Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսներից մեկի՝ փոխգնդապես Դավիթ Նազարյանի և իր բոլոր զինվորների միակ և ընդհանուր խնդիրն ու նպատակը սուրբ հայրենիքի պաշտպանությունն էր:

Դավիթը միշտ ասում էր. «Հերո՞ս ես, ուրեմն տուր ապացույցը, որ աշխարհից, կյանքից ու մահից էլ զորավոր ես դու»։

Դավիթի գումարտակն իր առջև դրված խնդիրները կատարում էր ճիշտ, գրագետ. պատերազմի մեջ խնդիրը ոչ միայն գրավելով առաջ անցնելն էր, այլև քիչ կորուստներ ունենալը: Կռվում էին ուս ուսի, մեկ մարդ դարձած` մինչև վերջ չվախենալով նայել մահվան աչքերին: Մարտական ընկերները պատմում են, որ հրամանատարը ոչ մի րոպե չնստեց իր հրամանատարական դիտակետում, նա միշտ զորքի կողքին էր ու եթե կար վտանգ, ապա առջևում Նազարյանն էր, հետո զորքը…

Պատերազմից հիշատակվում է դրվագ, որտեղ տղաները անկորուստ հետ էին վերադարձել իրենց դիրքը և մեծ ոգևորությամբ հայոց եռագույնն էին կրկին ծածանում այնտեղ.

«Դավիթը միշտ հավատարիմ էր իր երդմանը, նժդեհյան խոսքերը պարուրած սրտում կարողանում էր թշնամուն դաս տալ` քաջալերելով իր մարտիկներին, և բոլորին իր իսկ օրինակով ցույց էր տալիս ճիշտ մարտավարության կանոնները: Դավիթը միշտ իր տղաների համար կրկնում էր. «Հիշե՛նք թիկունքում մեր ծնողներին, քույրերին ու երբեք ցույց չտանք մեր թիկունքը թշնամուն, ինչքան էլ քչանանք, միևնույնն է մեր ոգին անկոտրուն է»,- պատմում է Դավիթի քույրը՝ Մարիաննան:շ

Դավիթն իր դիրքը կարողանում է երկու անգամ հետ գրավել: Մարտական ընկերները պատմում են, որ այս պատերազմում նա քայլող լեգենդ էր: Անգամ ոտքից վիրավոր լինելով նա չի լքել իր զինվորներին, մինչև վերջ մարտ է վարել: Մարիաննան ասում է, որ կռվի օրերին մայրը զանգել է Դավիթին, հարցրել՝ արդյո՞ք հայրն ու քույրն աչքի առաջ չեն գալիս, որ իրեն խնայի, իսկ տղայի պատասխանը կտրուկ է եղել. «Չ՛է, մամ ջան, միայն զինվորներս են»:

Դավիթն ինքն էլ այդ օրերին հաճախ էր զանգում հարազատներին ու ասում, որ խոսեն, ինքը լսի, քանի որ չգիտի բախտ կվիճակվի վերադառնալ, թե ոչ. «Ասում էր էս երեխեքս խաչ են դարձել պարանոցիս փաթաթված, էսքան արյան մեջ ո՞նց եմ ապրելու»:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում