Քիչ առաջ Քարագլխի հատվածում թշնամին հարձակման անհաջող փորձ է արել․ Արտակ Բեգլարյանը՝ իրավիճակի մասին

Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են մնալ Փառուխ գյուղում ու հարակից Քարագլուխ բարձունքի մի կողմում, իսկ քիչ առաջ այդ հատվածում անհաջող հարձակման փորձ են կատարել մեր մի զինված ստորաբաժանման ուղղությամբ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը:

«Մարտի 25-ի կեսօրվանից մինչև 26-ի առավոտ Արցախի առաջնագծի երկայնքով իրավիճակի ու դիրքերի փոփոխություն տեղի չի ունեցել, և ադրբեջանական զինված ուժերը շարունակում են մնալ Փառուխ գյուղում ու հարակից Քարագլուխ բարձունքի մի կողմում, իսկ քիչ առաջ այդ հատվածում անհաջող հարձակման փորձ են կատարել մեր մի զինված ստորաբաժանման ուղղությամբ:

Արցախի զինված ուժերը համապատասխան նախազգուշական ու զսպիչ միջոցներ են ձեռնարկում հնարավոր վտանգները չեզոքացնելու նպատակով: Ադրբեջանական ԱԹՍ հարվածներից երեկ ունեցել ենք 3 զոհ և 15 վիրավոր, ադրբեջանական կողմը ևս ունեցել է զգալի կորուստներ:

Երեկ այցելել եմ Խրամորթ գյուղ, այնտեղ իրավիճակը հարաբերականորեն հանգիստ էր, իսկ տրամադրությունը՝ պատշաճ: Ռուս խաղաղապահների հենակետերը շարունակում են գործել Փառուխում և Խրամորթում, և ռուսական կողմը զգալի ջանքեր է գործադրել իր պատասխանատվության տակ գտնվող տարածքում հրադադարի ռեժիմի ապահովման ուղղությամբ: Ակնկալում ենք, որ ռուսական ջանքերով ադրբեջանական զորքերը հետ կքաշվեն ելման դիրքեր և այլևս խախտումներ չեն կատարի ընդդեմ Արցախի ժողովրդի անվտանգության և ՌԴ երաշխիքների:

Մենք ամուր ենք կանգնած մեր հայրենիքում և պատրաստ դիմակայելու զանազան մարտահրավերների»,-գրել է նա:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում