Ադրբեջանը Ռուսաստանից պահանջել է չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը. Իրավիճակը թեժանում է

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ ցավում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության միակողմանի հայտարարության համար, որը չի համապատասխանում իրականությանը։

Մարտի 25-ին պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը։ Զրույցի ընթացքում ադրբեջանական կողմը հայտարարել է, որ տեղամասերում դիրքերը ճշտվում են։
Սակայն մարտի 26-ի առավոտյան հայկական զինված խմբավորումների անդամները փորձել են դիվերսիա իրականացնել ադրբեջանական բանակի ստորաբաժանումների վրա։ Ձեռնարկված անհապաղ միջոցառումների արդյունքում հայկական զինված խմբավորումների անդամները ստիպված են եղել նահանջել։

Պաշտպանության նախարարությունը նշում է, որ Ադրբեջանը հավատարիմ է 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությանը և չի խախտել դրա որևէ դրույթ։

Ցավոք, սույն հայտարարության 4-րդ կետի համաձայն՝ հայկական բանակի մնացորդների և ապօրինի հայկական զինված կազմավորումների ամբողջական դուրսբերում Ադրբեջանի տարածքից դեռ չի իրականացվել։ Ուստի հայտարարության դրույթները խախտում է Հայաստանը, այլ ոչ թե Ադրբեջանը։

Պաշտպանության նախարարությունը կարծում է, որ ՌԴ ՊՆ այս հայտարարությունը հակասում է երկկողմ հարաբերությունների էությանը և 2022 թվականի փետրվարի 22-ին երկու երկրների միջև ստորագրված Դաշնակցային համագործակցության մասին հռչակագրին։

Ադրբեջանի տարածքում «Լեռնային Ղարաբաղ» անունով վարչատարածքային միավոր չկա։ Հայտարարության մեջ նշված գյուղը ոչ թե Ֆուրուխ է կոչվում, այլ Ֆարրուխ։

Վերոնշյալի կապակցությամբ ԱՀ ՊՆ-ն կոչ է անում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը ապահովել հայկական բանակի մնացորդների և հայկական անօրինական զինված կազմավորումների ամբողջական դուրսբերումը Ադրբեջանի տարածքներից, որոնք ճանաչվել են միջազգային հանրության կողմից՝ եռակողմ հայտարարության դրույթներին համապատասխան։ Նաև խնդրում ենք չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» տերմինը և ճիշտ նշել Ադրբեջանի տարածքների անվանումները»։

ՀԻՇԵՑՆԵՆՔ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ շեշտելով, որ մարտի 24-25-ին Ադրբեջանը խախտել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ մարտի 24-ին և 25-ին, Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, մտել են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատախսանատվության գոտի և դիտակետ են տեղադրել։ «Bayraktar-TB 2 տեսակի ԱԹՍ-ներից 4 հարված է հասցվել Լեռնային Ղարաբաղի զինված խմբավորումներին Փառուխ գյուղի հատվածում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ այս պահին ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարության կողմից միջոցներ են ձեռնարկվում իրավիճակը կարգավորելու և զորքերին ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ։ «Ադրբեջանական կողմին զորքերը հետ քաշելու կոչ է արվել»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում