Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարները վիճել են Արցախի հարցի շուրջ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան երեքշաբթի օրը Ալմա-Աթայում կայացած ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում փոխանակվել են պահանջներով՝ կապված Արցախի Հանրապետությունում տիրող իրավիճակի հետ: Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ի սեփական թղթակիցը։

Իր ելութում Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը։ Իր հերթին, Գաֆարովան հանդիպման եզրափակիչ մասում ելույթի իրավունք է խնդրել՝ ներկայացնելու Բաքվի դիրքորոշումը։

Նա կրկնել է Բաքվի մշտական կեղծ քարոզչական թեզերը, թե հայկական «անօրինական» զինված ուժերն են նախահարձակ եղել և իրենք ստիպել են նրանց նահանջել:

Գաֆարովայի խոսքով՝ Ադրբեջանը հավատարիմ է 2020 թվականի հունվարի 9-ի եռակողմ հայտարարությանը և չի խախտել դրա դրույթները։

«Եռակողմ հայտարարության դրույթները խախտում է ոչ թե Ադրբեջանը, այլ Հայաստանը»,-փորձել է մոլորեցնել նա։

Գաֆարովան պահանջել է հայկական բանակի ստորաբաժանումների դուրսբերումն Արցախից և հայտարարել որ Բաքվում ռազմագերիներ չկան:

Այս հայտարարություններին ի պատասխան՝ Սիմոնյանն ընդգծել է, որ խախտումներ արձանագրվել են ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլ նաև Ռուսաստանի Դաշնության կողմից, որը անվտանգության երաշխավորն է այդ տարածքում։

«Կցանկանայի կրկնել՝ Հայաստանն առաջարկում է Ադրբեջանին անհապաղ սկսել բանակցությունները խաղաղության պայմանագրի կնքման շուրջ»,- հավելել է նա։

Ի պատասխան՝ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի ղեկավարը հայտարարել է, որ Բաքուն բազմիցս առաջարկել է Երևանին կնքել հաշտության պայմանագիր՝ հաշվի առնելով հինգ կետ, «որոնք շատ լավ հայտնի են հայկական կողմին»։

«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանի համար այս հինգ կետերն ընդունելի են, և մենք կարծում ենք, որ եթե որոշ ասպեկտներ ավելացնենք, կարող ենք սկսել այն իրականացնել»,- եզրափակել է քննարկումը Ալեն Սիմոնյանը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում