«Շատ ցավալի է տեսնել, թե ինչ են արել զավթիչները մեր ժողովրդի հետ…»Զելենսկին տեսանյութ է հրապարակել ավերված Բուչայից…18+

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսանյութ է հրապարակել Բուչա քաղաք կատարած այցից։

«Շատ ցավալի է տեսնել, թե ինչ են արել զավթիչները մեր ժողովրդի հետ: Նրանք պետք է պատասխան տան յուրաքանչյուր պատերազմական հանցագործության և այն բոլոր տառապանքների համար, որոնք նրանք հասցրել են մեր հողին», — ասվում է տեսանյութում:

Հիշեցնենք, որ երեկ Զելենսկին այցելել է Բուչա, որտեղ հայտնաբերվել են խաղաղ բնակիչների կոտորածների ապացույցներ: Նա զննել է ճանապարհը և զրուցել տեղի բնակիչների հետ։ Զելենսկին նաև ասել է, որ Ռուսաստանը «ռազմական հանցագործություններ և ցեղասպանություն է իրականացրել Ուկրաինայում»։

Բուչա կատարած իր ուղևորության ժամանակ BBC-ի թղթակիցը Զելենսկիին հարցրել է, թե արդյոք նա դեռևս հնարավոր է համարում Ռուսաստանի հետ խաղաղության քննարկումը:

«Այո, քանի որ Ուկրաինան պետք է խաղաղություն գտնի: Մենք 21-րդ դարի Եվրոպայում ենք: Մենք կշարունակենք մեր դիվանագիտական և ռազմական ջանքերը», — ասել է Զելենսկին:

Նշենք, որ Associated Press-ի լրագրողները Ուկրաինայի մայրաքաղաքի արվարձաններից մեկում ֆիքսել են առնվազն 21 մարդու դի։ Կապված ձեռքերով, մոտ տարածությունից հրազենային վնասվածքներով և խոշտանգումների նշաններով դիերը ցրված են եղել Բուչայի հատվածում այն բանից հետո, երբ ռուս զինվորականները լքել են տարածքը։

Ուկրաինայի իշխանությունները ռուսական ուժերին մեղադրել են ռազմական հանցագործություններ կատարելու համար։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Ուկրաինայի Բուչա քաղաքում ստեղծված իրավիճակը «ֆեյքային գրոհ» է որակել։ Նրա խոսքով, այնտեղ կազմակերպվել է բեմադրություն, որն ավելի ուշ բոլոր ալիքներով և սոցիալական ցանցերով տարածվել է Ուկրաինայում և Արևմուտքում:

ՌԴ պաշտպանության նախարարությունը կիրակի հայտնել է, որ ՌԴ ԶՈւ-ն ամբողջությամբ լքել է Կիևի շրջանի Բուչա քաղաքը մարտի 30-ին, և «հանցագործությունների ապացույցները» հայտնվել են միայն չորրորդ օրը, երբ Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները ժամանել են այդ տարածք: Գերատեսչությունն ընդգծել է նաև, որ մարտի 31-ին քաղաքապետ Անատոլի Ֆեդորուկն իր տեսաուղերձում հաստատել է, որ Բուչայում ռուս զինվորներ չկան՝ չնշելով փողոցներում կապկպած գնդակահարված տեղի բնակիչների մասին։

 

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում