Սուրճը համարվում է սպիտակ և ամուր ատամների ամենագլխավոր թշնամիներից մեկը։ Դրա մեծ քանակությունը էմալի վրա բծեր է թողնում, և ատամները սկսում են դեղնել։ Այդ պատճառով ատամնաբույժները խորհուրդ են տալիս սահմանափակել սուրճ խմելը։
Սակայն թարմացնող այս ըմպելիքի սիրահարներին դժվար է հրաժարվել իրենց սիրելի ըմպելիքից։
Ուրեմն ինչպե՞ս համատեղել առավոտան մեկ գավաթ սուրճը և ատամների առողջությունը։
Ստոմատոլոգները հիշեցնում են, որ սուրճն իր մեջ կոֆեին է պարունակում, որը նպաստում է օգտակար բաղադրիչների լվացմանը և օրգանիզմի ջրազրկմանը, ինչպես նաև «ներկում» ատամների էմալը։
Սակայն սուրճ օգտագործելն ունի նաև իր դրական կողմերը. այս ըմպելիքը կանխում է բերանի խոռոչում բորբոքային պրոցեսները, քանի որ մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ է պարունակում։ Այդ պատճառը, որ սուրճ կարելի է խմել, սակայն օրական մեկ գավաթից ոչ ավելի։ Ընդ որում՝ խմել՝ հետևելով այս կանոններին.
1. Սուրճը խմեք առանց շաքարի, քանի որ բակտերիաները շաքար շատ են «սիրում», և հենց բակտերիաների պատճառով են ատամները դեղի երանգ ստանում։
2. Սուրճի վրա կաթ լցրեք, լավագույն տարբերակը լատե կամ կապուչինո խմելն է։
3. Սուրճը խմեք ձողիկով, որպեսզի ատամների հետ դրա կոնտակտը նվազագույնի հասցնեք։
4. Սուրճ խմելուց հետո բերանը ողողեք տաք ջրով։