Արթուր Գրիգորյանի հիշատակին նվիրված համերգային երեկո է կազմակերպվում, կհնչեն նրա տարբեր տարիների երգերը

Երեկ, այսօր, հավերժ. հայ էստրադային սիրված արտիստները երգիչ, երգահան Արթուր Գրիգորյանի հիշատակին նվիրված համերգի են պատրաստվում: Այն կկայանա հուլիսի 28-ին՝ ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Արթուր Գրիգորյանի դուստրը՝ Երգի պետական թատրոնի տնօրեն, հաղորդավարուհի Մանե Գրիգորյանը, «Հայկական ժամանակի» հետ զրույցում պատմել է համերգային երեկոյի հետ կապված որոշ մանրամասներ:

«Հայրիկիս ծնունդին ընդառաջ (հուլիսի 31-ին է) որոշեցինք համերգային երեկո կազմակերպել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ: Համերգը պետք է լինի ոչ թե տխուր երեկո, այլ այդ օրը եւս մեկ անգամ կհիշենք հայրիկի երգերը, ու շատ կարեւոր է, որ այդ հուշ-երեկոն չդառնա սգո երեկո, ավելի շուտ պետք է տոնենք այն, ինչը ունեցել ենք այդ 63 տարիներին: Շնորհակալ լինենք այն ստեղծագործությունների, այն երաժշտության համար, որը հայրիկը հասցրեց մեզ տալ»,- ասում է Մանե Գրիգորյանը:

Արթուր Գրիգորյանի հիշատակին նվիրված համերգային երեկոյին հնչելու են նրա տարբեր տարիների երգերը նոր ու թարմ շնչով՝ իր սերունդների ձայնով: Նախնական հայտնի են հետեւյալ արտիստների անունները՝ Արսեն Սաֆարյան, Սարո, Արա Մարտիրոսյան, Նունե Եսայան, Շուշան Պետրոսյան, Անդրե, Արամո, Էմմա Պետրոսյան, Էրիկ Կարապետյան, Սոնա Ռուբենյան, Արթուր Իսպիրյան, Զարուհի Բաբայան, Ալլա Լեւոնյան եւ ՄԻՇԱ:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում