Եթե պարեկը չի տեսնում՝ ամրագոտին կապած է, թե ոչ, ուրեմն թող խոշորացույց տան, իրենց խնդիրն է․ վարորդները բողոքում են «պլյոնկաները» հանելու որոշման դեմ

Մի խումբ վարորդներ բողոքի ակցիա են իրականացնում մեքենաների ապակիների սև թաղանթները հանելու որոշման դեմ։

«Թող տպավորություն չլինի, թե հիմա «պլյոնկաների» գովազդ եմ անում, ես դիջեյ եմ, ընդհանրապես կապ չունեմ «պլյոնկաների» հետ։ Գոյություն ունեն այնպիսի «պլյոնկաներ», որ ներսից սովորական թափանցելիություն ունեն, թող բացատրեն այդ պարագայում ինչպես կարող է վթար լինել։

Այն, որ պարեկները չեն տեսնելու՝ վարորդը ամրագոտի կապած է, թե ոչ, իրենց խնդիրն է, թող պարեկներին խոշորացույց տան։ Կամ էլ իմ անձնական օգտագործման մեքենան է, կարող է ես չեմ ուզում իրենք տեսնեն ով է ներսում նստած»,- ասաց բողոքող վարորդների մեկը։

Հիշեցնենք, որ ներպետական օրենսդրության իրավադրույթների և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70 %:

Հունիսի 1-ից պարեկային ծառայողները և ճանապարհային ոստիկանները հայտնաբերելու են ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցները և վարորդներին վարչական պատասխանատվության են ենթարկելու նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում