Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաղերին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է իր ներդրումն ունենալ կովկասյան տարածաշրջանում լարվածության նվազեցման գործում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով mehrnews-ը, գեներալ Բաղերին այս հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը:
Իրանի ԶՈՒ ԳՇ պետը նշել է, որ Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններն ազդում են տարածաշրջանի անվտանգության վրա և ընդգծել, որ այս տարածաշրջանում լարվածության շարունակումը չի բխում Հայաստանի, Ադրբեջանի և տարածաշրջանի այլ երկրների շահերից:
Նա նաև կոչ է արել միջոցներ ձեռնարկել այս տարածաշրջանում վեճերի և լարվածության կարգավորման համար:
Մոհամմադ Հոսեյն Բաղերին հայտարարել է նաև, որ Իրանը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահման՝ շեշտելով որ որևէ երկրի պաշտպանունակության բարելավման հետևում չպետք է լինի որևէ ագրեսիվ նպատակ կամ մտադրություն:
«Տարածաշրջանում խաղաղությունն ու հանգստությունը բխում են բոլոր երկրների շահերից, և տարածաշրջանում անվտանգությունը պետք է ապահովվի տարածաշրջանի երկրների կողմից, իսկ արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը հակասում է տարածաշրջանում խաղաղությանը», — ընդգծել է նա:
Գրիգորյանն իր հերթին ներկայացրել է կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների վերաբերյալ։