Ոչ մի փաստաթղթով չի կարող լուծարվել ժողովրդի ստեղծված Հանրապետությունը, հարցեր կան, որոնց մասին հիմա չեմ կարող խոսել․ Սամվել Շահրամանյան

Ես շատ բան ունեմ ձեզ ասելու, բայց այն ինչ պետք է ասեմ, շատ մեծ վտանգներ է պարունակում և՛ Հայաստանի, և՛ Ացախի հետագա ճակատագրի համար։

Այս մասին ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դիմաց հավաքված արցախցիներին ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։

«Մենք բոլորս էլ շատ դժվար վիճակում ենք, ծայրահեղ ծանր վիճակում ենք, հիմա ինչ կատարվում է այստեղ, ավելի է ծանրացնում մեր վիճակը։ Ես ուզում եմ բոլորիդ վստահեցնել՝ այստեղ ես թշնամի չունեմ, մեր թշնամին մեկն է։ Ես պատասխանատու եմ իմ արած բոլոր քայլերի համար՝ ձեր ու ձեր ընտանիքների առաջ։

Մենք ևս մի հայրենիք ունենք, դա ՀՀ-ն է, ու մենք ՀՀ-ի ճակատագիրը վտանգելու իրավունք չունենք։ Պատրաստ եմ հանդիպել բոլորիդ հետ քննարկել այն հարցերը, որոնց համար դուք ինձ մեղադրում եք, ինչ հարցեր ուղղում եք»,- ասաց Շահրամանյանը։

Արցախցիներից մեկը հարց ուղղեց Շահրամանյանին՝ եթե ՀՀ իշխանությունները չեն վստահում իրեն, ինչպես է պատրաստվում լուծել իրենց խնդիրները։

«Դա քո կարծիքն է, որ չեն վստահում։ Այս ամեն ինչը ունի իր պատասխանը, բայց ես չեմ կարող այսքան մարդու մեջ խոսել դրա մասին։ Այսքանի մեջ չի ստացվելու զրույցը, ընտրեք ձեր միջից 20-30 մարդ, դահլիճում հանգիստ զրուցենք»,- ասաց նա։

Արցախցիներից մեկը Շահրամանյանին հարց ուղղեց՝ ինչու Արցախի ԱԺ-ն նիստ չի հրավիրում՝ Արցախի լուծարման որոշումը բեկանելու հարցով։

«Ծանո՞թ եք այդ փաստաթղթին, այդ փաստաթղթի հետ կապված ահագին հարցեր կան, որը ես հիմա այստեղ չեմ կարող ասել, բայց ես ձեզ վստահեցնում եմ՝ մենք տեղյակ ենք այդ փաստաթղթին դրական և բացասական կողմերից։

Ոչ մի փաստաթղթով չի կարող լուծարվել ժողովրդի կողմից ստեղծված Հանրապետությունը, ես տալու եմ սրա պատասխանը՝ Հ1-ի տաղավարում։ Առաջիկայում անդրադառնալու եմ այս բոլոր հարցերին։ Թող ոչ ոքի մոտ կասկած չլինի, որ եթե մենք իմանայինք, որ կարող ենք հաղթել, մինչև վերջ չէինք գնա, մենք խնայել ենք մեր տղաների, քաղաքացիական տղաների կյանքը։ Եթե մեկ ժամ հետ կանգներ պատերազմը կմտնեին քաղաք»,- ասաց Սամվել Շահրամանյանը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում