Եթե մեր ռազմավարական տեսլականն Իրական Հայաստանը չէ, առանց այն էլ դժվար խաղաղությունը հնարավոր չի լինելու․ վարչապետ

Եթե մեր ռազմավարական տեսլականն Իրական Հայաստանը չէ, առանց այն էլ դժվար խաղաղությունը հնարավոր չի լինելու․ վարչապետ
Ժողովրդին ուղղված իր ուղերձում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Հայկական ԽՍՀ-ից դուրս հայրենիք փնտրելու՝ հայերի շրջանում Խորհրդային Միության վարած քաղաքականության մասին։

Հենց այս, հայրենիքից դուրս հայրենիք, պետություն փնտրելու մտածողության պայմաններում է, որ ձևավորվեց Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, որն ինքն իրեն դիրքավորեց ոչ թե որպես սեփական քաղաքացիների ազատությունը, անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելու միջոց, այլ որդեգրեց տեսլական, որը լիարժեք և ամբողջությամբ տեղավորվում էր հայրենիքի փնտրտուքի խորհրդահայ բանաձևի մեջ:

«Այստեղ է, որ հայտնվեցինք վերը նկարագրված վիճակում, երբ այնքան էլ վստահ չենք ինչ տարածքի վրա ենք ուզում պետություն կառուցել, ինչ դիրքով ենք ուզում կառուցել և ինչ չափերով:

Եվ հայրենիքի փնտրտուքը վերահաստատվեց որպես Երրորդ Հանրապետության առանցքային սոցիալ-հոգեբանություն:

Երրորդ Հանրապետության խորքային պրոբլեմների մի հսկայական մասը կապված է հենց սրա հետ:

Չեմ կարող պարծենալ, թե այս ըմբռնումն ունեցել և հայեցակարգային այս նրբությունները գիտակցել եմ միշտ կամ իմ վարչապետության ողջ ընթացքում: Այս օրակարգին համակարգված ձևով առնչվել եմ ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո՝ խորությամբ և գործնականում տեսնելով այն սպառնալիքները, որ կախված են ոչ միայն Հայաստանի Հանրապետության անվտանգության վրա, այլև ընդհանրապես մեր պետության գոյության վրա:

Եվ հետևաբար, հայեցակարգային հարցը, որի լուծումը կենսական եմ համարել որպես վարչապետ, հետևյալն է՝ ինչպե՞ս ենք պատրաստվում ապահովել Հայաստանի Հանրապետության հարատև ու բարեհաջող ապագան:

Ահա այս հարցերի շուրջ ռազմավարական մտածումներն են ինձ հանգեցրել Խաղաղության օրակարգին և Իրական Հայաստանի տեսլականին, որոնք խորապես կապված են մեկը մյուսի հետ:

Եթե մեր ռազմավարական տեսլականն Իրական Հայաստանը չէ, առանց այն էլ դժվար խաղաղությունը հնարավոր չի լինելու, որովհետև մեր միջավայրը մեզ համարելու է ռազմավարական սպառնալիք և հետևաբար, ամեն ինչ անելու է մեր պետականությունը կամ ֆիզիկապես ոչնչացնելու, կամ նրա զարգացումը թույլ չտալու համար:

Եվ երկրորդը, երբ մեր սահմանափակ ռեսուրսներն ու էներգիան չենք ծախսում Իրական Հայաստանի ռազմավարական կարիքների վրա, չենք ունենում այն արդյունքները, որ կարող էինք ունենալ, և Հայաստանի զարգացումը, մեր երեխաների ապագան խոչընդոտվում է կրկնակի: Եվ խաղաղությունը, որ այնքան հարկավոր է Հայաստանի Հանրապետությանը, դառնում է առավել անհասանելի:

Այս պայմաններում էականորեն վնասվում է մեր երկրի ինքնիշխանությունը, որովհետև երբ հայրենիքի մասին քո պատկերացումները ճշգրտորեն չեն նույնականանում քո երկրի միջազգայնորեն լեգիտիմ սահմանների հետ, դու ստիպված ես բացել ճանապարհն ուրիշների անհամաչափ ազդեցությունների համար, որովհետև քեզ թվում է, թե այդպիսով ուժ և աջակցություն ես ստանում առաջ մղելու քո լեգիտիմ սահմանների հետ չհամընկնող օրակարգերը:

Այսպիսով, ահա, կրկին հայտնվում ենք հայրենասիրության Խորհրդահայ մոդելի մեջ: Հենց այս մոդելն է, որ հայրենիք հասկացությունը տարանջատել է պետություն հասկացությունից՝ լուծելով գործնական խնդիրը, որ հայ ժողովուրդը Հայկական ԽՍՀ-ն, թեկուզ ոչ լիարժեք, բայց պետությունը հայրենիք չհամարի, որովհետև այդ պետությունը հայրենիք համարելու հաջորդ քայլը, անկախության գիտակցության խորացումն էր լինելու»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում