bravo.am-ը գրում է. Իսկ դու եղե՞լ ես «Երազ»-ում, որտեղ հունիսի 22-23-ին անցկացվեց Newmag-ի չորրորդ ամառային փառատոնը։ Երկու օր տեղի ունեցան գրքի շնորհանդեսներ, ցուցահանդես, պանելային քննարկումներ, հանդիպումներ, թատերական ներկայացում, համերգ եւ այլն:
Փառատոնի ընթացքում ելույթ ունեցավ նաեւ Նազենի Հովհաննիսյանը: «Երբ սերը կյանքի բանաստեղծն է» խորագրով միջոցառման համար դերասանուհին բանաստեղծությունների ծաղկաքաղ էր արել եւ յուրաքանչյուրի համար մի երաժշտություն ընտրել՝ մտքերն ավելի գեղեցիկ մատուցելու համար։
Արարատ Մկրտումյանի «Թող այս գիշերը» բանաստեղծությունն ամենասկզբում էր, իսկ հետո արդեն Սեւակ էր, Սարյան, Տերյան։ Հովհաննիսյանը չէր անտեսել նաեւ ժամանակակից գրողներին՝ Ավետին Բարսեղյան, ով իր յուրատեսակ ոճն ունի խոսելու, նաեւ, ինչպես ինքն է ասում, մի յուրօրինակ երիտասարդի՝ Երեմ Կարապետյանի, որի գրվածքները կարծես իր սրտից է հանել։
«Մեզ դեպի մեզ տանող կամուրջ է ստեղծում Newmag-ը՝ գրքերով, տպագրված նոր գրականությամբ, թարգմանչական արվեստով, որի հիմքում հայերենն է, հայոց լեզուն: Մարդը, հայը սասանվում է, երբ ոտքերի տակից հանում են իր հողը, ոչ միայն ֆիզիկական, ինչպես հիմա է, այլեւ մեր մշակութային հողը, պատմական հողը, մեր հիշողության հողը, դրանք բոլորը հենման կետեր են։ Եվ չկա աշխարհում կամուրջ, որը մնա անսասան, եթե այդ հիմքերը հանում ես»,- նշեց դերասանուհին:
Նա իր ելույթն ամփոփեց Պարույր Սեւակի «Սերը» բանաստեղծությամբ, որից հետո մի քանի վայրկյան լռություն էր։