«Ոսկե ծիրան» երևանյան 21-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է թատրոնի և կինոյի անվանի դերասան Քևին Սփեյսին, հայտնում են փառատոնի կազմակերպիչները:
Քևին Սփեյսին կրկնակի օսկարակիր է, արժանացել է Լոուրենս Օլիվյեի մրցանակին՝ լավագույն թատերական դերակատարման համար, ինչպես նաև «Ոսկե գլոբուս» է ստացել՝ որպես «Հեռուստասերիալի լավագույն դերասան»:
Նա կերպարներ է կերտել 1990-2010-ականների ամենաակնառու ամերիկյան ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Քեյ-Փեքս»-ը, «Յոթ»-ը, «Ամերիկյան գեղեցկություն»-ը, «Կասկածելի դեմքեր»-ը, «Խաղաթղթե տնակ»-ը սերիալը և այլն:
Քևին Սփեյսին համագործակցել է վերջին 40 տարվա լավագույն ամերիկացի ու բրիտանացի ռեժիսորների՝ Դևիդ Ֆինչերի, Ալան Փարքերի, Սեմ Մենդեսի, Էդգար Ռայթի, Քըրթիս Հենսոնի, Ջեյ. Սի. Չենդորի, Ջոն Լասեթերի, Դունքան Ջոնսի, Մայք Նիքոլսի, Բրայան Սինգերի, Ջեյմս Ֆոուլիի, Ալան Ջեյ. Փաքուլայի և այլոց հետ՝ էկրանին հայտնվելով Բրեդ Փիթի, Մարտին Ֆրիմենի, Ալ Պաչինոյի, Քիմ Բեյսինգերի, Ռասել Քրոուի, Սեմ Ռոքուելի, Գուինեթ Փելթրոուի, Ջեֆ Բրիջեսի, Ջեք Լեմոնի, Անետ Բենինգի պես աստղերի կողքին: