«Գյուղում ինձ ծաղրում էին, ես խոսում էի գրական հայերենով». Ժաննա Վելիցյանի մանկության դրվագներից

Tert.am Life-ն այս անգամ անդրադարձել է դերասանուհի Ժաննա Վելիցյանի մանկության դրվագներին:

-Ինչպիսի՞ երեխա եք եղել, ի՞նչ են պատմում:

-Մայրս պատմում է, որ փոքր ժամանակ այն աստիճան խելոք երեխա եմ եղել, որ անգամ կոնֆետի թուղթ տար ձեռքս, ժամերով կխաղայի դրանով, ու լաց չէի լինի: Ոչ ոքի նեղություն չեմ տվել, անգամ շատ հեշտ եմ ծնվել: Շատ սիրուն երեխա եմ եղել, շատ փոքր քիթ եմ ունեցել:

-Դասերից փախել ե՞ք:

-1 կամ 2 անգամ եմ փախել դասերից: Շատ եմ սիրել դպրոցը: Մի անգամ ինձ ասել էին, որ վաղը դպրոց չեմ գնալու, շատ ծանր էի տարել, նեղացել էի: Առավոտյան շուտ արթնացել ու ինքնուրույն պատրաստվել էի, մազերս ծուռ էի կապել:

-Ամենասիրած խաղը:

-Ռեզին էի սիրում խաղալ, «Գործնագործ» և տիկնիկներով էի շատ սիրում խաղալ, ֆանտազիաս լավ էր աշխատում, ընտանիքներ էի կազմում, սցենարներ էի հորինում տիկնիկների կյանքի հետ կապված:

-Դրսում խաղալիս վնասվածքներ ստացե՞լ եք:

-Միշտ: Ոտքերս, թևերս, ամբողջ մարմինս միշտ եղել է վերքերի մեջ: Շատ էի ընկնում ու վնասվում:

-Բուլինգի ենթարկվե՞լ եք, թե՞ ենթարկել:

-Ինքս երբեք չեմ ենթարկել, բայց բուլինգի ենթարկվել եմ: Երբ Ստեփանավան քաղաքից տեղափոխվեցի մեր գյուղ, գյուղում խոսում էին բարբառով, իսկ Ստեփանավանում՝ գրական հայրերնով: Երբ գյուղում խոսում էի գրական հայերեն, բոլորը ծաղրում էին ու ես չէի հասկանում ինչու: Հետո սովորեցի գյուղի բարբառը:

-Մանկության ընկերը:

-Մանկության ամենամոտ երկու ընկերուհիներս Նաիրան և Վերգինեն են: Ես անչափ շնորհակալ եմ նրանց իմ մանկության մաս կազմելու և առ այսօր ինձ հետ քայլելու համար:

-Ավագ եղբոր կամ քրոջ հագուստով դպրոց գնացե՞լ եք:

— Ոչ: Ես ունեմ 2 եղբայր, ես միջնեկն եմ: Գուցե, եթե ունենայի քույր նման դեպք լիներ: Մայրս միշտ առանձնահատուկ հագուսներ էր գնում ինձ համար:

-Չսիրած ուտելիքը:

— Միակ չսիրած ուտելիքը փոքր տարիքից առ այսօր սունկն է:

-Տանը մենակ մնացե՞լ եք:

-Իհարկե, շատ անգամներ, բայց մի անգամը կառանձնացնեմ, որովհետև շատ-շատ էի վախեցել սեփական ֆանտազիաներիս զոռ տալու արդյունքում:

-Դպրոցում չսիրած ուսուցիչը:

-Դպրոցում չսիրած ուսուցիչ չեմ ունեցել: Եղել են ուսուցիչներ որոնց պակաս եմ սիրել, բայց չսիրած չի եղել:

-Մանկության վախերը:

— Փոքր ժամանակ սարսափել եմ մահացած մարդկանցից ու ինքս էլ հաղթահարել եմ այդ վախը: Վախեցել եմ նաև միայնակ մնալուց: Ու շատ-շատ վախենում էի էն մտքից, որ մամաս կարող է էլ չլինել:

-Մանկապարտեզում պատժվե՞լ եք:

— Քանի որ շատ խելոք երեխա եմ եղել, հետևաբար ՝ ոչ: Ոչ մի պատիժ չեմ հիշում:

-Ամենահիշվող նվերը:

-Ամենահիշվող ու սիրելի նվերը  իմ կատուն էր՝ փափուկ խաղալիքս, ու հայրիկիս Ռուսաստանից բերած բոլոր հագուստները:

 

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: