Թանկ է նկարահանումը, բայց ունենք լավ գործընկերներ, որոնց շնորհիվ կարողացանք այս ֆիլմը նկարել..«Դեպի ճամբար» գեղարվեստական ֆիլմի առաջին բեքսթեյջ կադրերն ու մանրամասները

Tert.am Life-ի նկարահանող խումբը մեկ օր անցկացրել է «Դեպի ճամբար» գեղարվեստական ֆիլմի նկարահանման հրապարակում, զրուցել դերասանների, ռեժիսորի և սցենարի հեղինակների հետ, իմացել ֆիլմի մանրամասներն ու ֆիքսել այն ամենն, ինչ սովորաբար կադրից դուրս է մնում:

«Անցյալ տարի, երբ նկարեցինք «Դեպի Ճամբար»-ի 4-րդ եթերաշրջանը, մեզ մոտ միտք առաջացավ, որ կարելի է նկարահանել գեղարվեստական ֆիլմ: Ֆիլմը հագեցած կլինի ոչ միայն ճամբարի ներսում կատարվող իրադարձություններով, այլ նաև՝ դրանից դուրս հետաքրքիր պատմություններով»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց Ֆիլմի պրոդյուսեր, սցենարիստ և դերասան Գրիգոր Դանիելյանը:

Նրա խոսքով՝ բոլոր այն պատմությունները, որոնք հեռուստադիտողը տեսել է «Դեպի ճամբար»-ի 4 եթերաշրջանում, ֆիլմում լրիվ այլ պատմություն է: «Եվ՛ աշխարհագրությունն ենք լայնացրել, և՛ շատ դերասաններ ենք ներգրավվել: Արդեն սիրված կերպարները՝ երեխաներն ու անձնակազմը ֆիլմում կլինեն: Պատմությունը մի աղջկա մասին է, ով շատ կարևոր գործով վկայի աղջիկ է և իրեն թաքցնում են ճամբարում: Չակերտները շատ չեմ ցանկանում բացել»,- ասաց Գրիգոր Դանիելյանը:

Նա նշեց, որ քասթինգը շատ հետաքրքիր է անցել, ներգրավվել են նաև Լևոն Հարությունյանին, Սուրեն Թումասյանին, Վաչե Երիցյանին, Լիլի Էլբակյանին:

«Նախապատրաստական աշխատանքներն ու քասթինգը շատ արագ են եղել, քանի որ զուգահեռ ավարտեցինք «Սյուրպրիզ» նախագիծն ու միանգամից անցանք գործի»

Գրիգորի համոզմամբ՝ Հայաստանում գեղարվեստական ֆիլմ շատ չի նկարահանվում, որովհետև բավականին բարդ է: «Մեր ռեժիսորը՝ Կարեն Ամյանը, ում դեբյուտային գեղարվեստական ֆիլմն է, շատ մեծ ոգևորությամբ է աշխատում, ամեն ինչ արել ենք, որ լինի մաքսիմալ բարձր որակի ֆիլմ:

Հաշվի առնելով, որ «Դեպի ճամբար» նախագծի պահանջարկը բավականին մեծ է, պետք է ամեն ինչ անենք, որ հանդիսատեսը չհիասթափվի»,- նշեց դերասանը:

«Դեպի ճամբար» գեղարվեստական Ֆիլմը հոկտեմբերի 3-ից կլինի բոլոր կինոթատրոններում: Պրեմիերան կկայանա «Մոսկվա» կինոթատրոնում: «Մարզային ցուցադրություններ էլ ենք նախատեսել, 30-40 քաղաքում ուզում ենք ցուցադրել, իսկ նոյեմբերի 3-ին Միացյալ նահանգներում կլինի ֆիլմի պրեմիերան, ինչպես նաև պլանավորում ենք Եվրոպայում և Ռուսաստանում»:

Ֆիլմի պրոդյուսերը նշեց, որ շատ գումար ենք ծախսել նման ֆիլմ ստանալու համար:

«Թանկ է նկարահանումը, բայց ունենք լավ գործընկերներ, որոնց շնորհիվ կարողացանք այս ֆիլմը նկարել, նաև անձնական ներդրումներ են եղել, բարդ ու թանկ բան է ֆիլմ նկարելը»,- ասաց Գրիգոր Դանիելյանը, բայց չցանկացավ նշել, թե որքան գումար է ծախսվել ֆիմի համար:

«Շատ կուզեմ, որ հայ կինեմատոգրաֆիան զարգանա, դրա համար բոլոր ուժերս որոշել եմ ներդնել հայ կինոյի զարգացման վրա: Նկարահանումների մեծ մասն իրականացրել ենք ճամբարում, որոշ հատվածներ նկարել ենք Ջրվեժի արգելոցում, Ծաղկաձորում՝ սարի գագաթին վայրի պայմաններում, նկարելու ենք գյուղական հատվածներ, քաղաքային կտորներ: Ընդհանուր առմամբ տրամադրել ենք 30 նկարահանման օր»,- ամփոփեց Գրիգոր Դանիելյանը:

Ֆիլմի ռեժիսորի և դերասանների հետ հարցազրույցներին հետևեք Tert.am Life-ի հաջորդ հրապարակումներում:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: