Ռուսաստանի խաղաղապահ ջանքերն ուղղված չեն Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելուն և Հայաստանը պրոտեկտորատի վերածելուն. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը մտադիր չէ Հայաստանի և Ադրբեջանի հետ շփվելու բացառիկ իրավունք ձեռք բերել. Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրման տարեդարձի կապակցությամբ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսական կողմը չի հավակնում Հայաստանի և Ադրբեջանի հետ հաղորդակցության մենաշնորհի, թեև այդ երկրների և ժողովուրդների հետ մեզ կապում է երկար և սերտ բարեկամությունը, լայնածավալ գործընկերությունը բոլոր ուղղություններով, — ասվում է փաստաթղթում։ — Մենք հանդես ենք գալիս միջազգային հանրության առկա ներուժի արդյունավետ օգտագործման օգտին՝ հաշվի առնելով տարածաշրջանային փոփոխված իրողությունները»:

ՌԴ ԱԳՆ-ն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ եռակողմ հայտարարության ընդունումից մեկ տարի անց կարելի է միանշանակ հերքել սոցիալական ցանցերում տեղեկատվական լցոնումներն այն մասին, որ Ռուսաստանի խաղաղապահ ջանքերն ուղղված են, իբր, Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելուն և Հայաստանը պրոտեկտորատի վերածելուն։

«Նման հայտարարությունները կրում են պոպուլիստական բնույթ, կատարում են միանգամայն ակնհայտ արտաքին պատվեր և իրականության հետ կապ չունեն», — նշել են ԱԳՆ-ից։

Ինչպես նշում են նախարարությունից, Մոսկվայի նախաձեռնած բոլոր եռակողմ փաստաթղթերն ու մեխանիզմները պարտադրված չեն եղել կողմերին, այլ հիմնվել են շահերի ստուգված հավասարակշռության վրա, որը նախատեսում է չափազանց հարգալից վերաբերմունք Բաքվի և Երևանի ինքնիշխանության և շահերի նկատմամբ։

«Մեր մի շարք նախաձեռնությունների շուրջ համաձայնության չեկանք, և դա նորմալ է։ Մյուս կողմից, արդեն իսկ հաստատված համաձայնությունը, ինչպես ասում են, ձեռք է բերվել տառապանքով և արդյունավետորեն իրականացվում է գործնականում», — ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ից։