Երրորդ և հաջորդ նոր ծնված երեխան նպաստ կստանա. Կառավարության նոր որոշումը

Կառավարության այսօրվա նիստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրեց Ընտանիքում երրորդ ու յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցություն նշանակելու ու վճարելու կարգը հաստատելու մասին կառավարության որոշումը:

Նա նշեց, որ նոր ծնված երեխային կվճարվի ամսական 50 հազար դրամ մինչև երեխայի վեց տարեկան լրանալը:
«Որոշման դրույթները տարածվելու են այն դրույթների վրա, երբ երեխան ծնվել է 2022 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ»,- ասաց նախարարը:
Մկրտչյանի խոսքով՝ երկվորյակ կամ ավելի թվով երեխաների ծնվելու դեպքում հաշվի է առնվելու բարձր կարգաթվով երեխայի ծննդյան փաստն ու կնշանակվի դրամական աջակցություն նոր ծնված բոլոր երեխաների համար:
«Նախատեսվում է իրականացնել արդյունավետության գնահատում 2025 թվականին ծրագրի 3 տարվա արդյունքների մասով ու ժողովրդագրական վիճակի բարելավման բավարար արդյունք արձանագրելու դեպքում աջակցության այս տեսակը կարող է դառնալ պետական նպաստի տեսակ ու ամրագրվել օրենքում՝ ապահովելով սոցիալական երաշխիք երկարաժամկետ հատվածում»,-մանրամասնեց սոցապնախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, թե այս աջակցության վճարումը չի ազդում երեխայի ծննդյան միանվագ վճարման վրա, չի ազդում նաև մինչև երկու տարեկան խնամքի նպաստի վրա:
«Բայց այս վճարումն ազդում է աղքատության նպաստի գնահատման ցուցանիշի վրա. Եթե ընտանիքը փարոս համակարգում ընդգրկվելէ ու հանկարծ այս վճարումների բերումով չափանիշներից դուրս է մնում, այդ դեպքում, ազդում է , այսինքն՝ մարդը փարոսից զրկվում է»,- ասաց վարչապետը։

Նա նշեց, թե հույս ունի, որ ծրագիրն արդյունավետ կլինի ու 2025 թվականին նորից կանդրադառնան ծրագրին:

Տեսանյութը՝ Aysor.am

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում