ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր ծառայողական մեքենա է ձեռք բերե՞լ։ Խոսքը՝ «Լեքսուս» մակնիշի զրահապատ մեքենայի մասին է։
Այս մասին տեղեկանում ենք երեկ՝ Շիրակի մարզ կատարած Փաշինյանի աշխատանքային այցի ընթացքում համացանցում տարածված տեսանյութից։
Ըստ այդմ՝ պարզ է դառնում, որ խոսքը նոր «Լեքսուս» LX 570 մեքենայի մասին է։
Նոր՝ ծառայողական մեքենա ձեռք բերելու մասին Փաշինյանը հայտարարել էր նախորդ տարեվերջին։ Մասնավորապես դեկտեմբերի 24-ին կայացած օնլայն ասուլիսի ժամանակ վարչապետը անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար պետբյուջեի միջոցներով ծառայողական նոր՝ մոտ 200 հազար դոլար արժողությամբ ավտոմեքենա գնելու անհրաժեշտությանը այն հիմնավորեց նրանով, որ հին մեքենաները «ամեն օր փչանում են»։
«Ես վարչապետ եղած ժամանակ մի քանի անգամ մեքենաներով ճանապարհին եմ մնացել, ընդ որում՝ բնակավայրի մեջ։ Խնդիր չի՝ կարամ իջնեմ, բրդեմ մեքենան խոդի գցելու համար՝ պարզությունը չեմ կորցրել, որ ասեմ՝ վայ, ոնց։ Բայց հասկանում ե՞ք՝ 5-6 անգամ վարչապետին սպասարկող մեքենան փչացել է, մարդիկ հելել են, ասել՝ վայ, վարչապետ ջան, էս ի՞նչ ա եղել, կարողա՞ սվեչայա թրջել, եւ այլն, եւ այլն, էդ մեքենաները ձեռք են բերվել, օրինակ, 2007թ-ին։ Էդ մեքենան նրա համար չի, որ ինձ մի տեղից մյուս տեղը տեղափոխի, այլ որ ՊՊԾ-ն իրականացնի իր վրա դրված պարտականությունները։
Փաշինյանը նաև հայտարարել էր, որ էլի նոր մեքենաներ են ձեռք բերելու, այդ թվում և իր համար։ Փաստորեն Փաշինյանի հրապարակային արված խոստումներից մեկն իրականացավ։ Նոր տարին՝ նոր մեքենայով։
Աղբյուրը՝ Irakanum.am