Մեքենան ձորն էր գլորվել, 72 հոգուց մենակ ինքն էր ողջ մնացել. 22-ամյա հերոս Հովհաննես Ալիշյանի ողբերգական պատմությունը

«Մեր տան մոտ շենքի պատին իրա նկարը կա, ամեն օր գործի գնալիս՝ ժամը 7-ին, իրա հետ խոսում եմ ու խնդրում եմ իրան, որ ինձ էլ իրա մոտ տանի»,- հուզմունքը կոկորդում խեղդելով ասում է 50-ամյա Հասմիկ Ալիշյանը, որը 44-օրյա պատերազմում կորցրել է ավագ որդուն։

22-ամյա Հովհաննես Ալիշյանը պատերազմը սկսվելուն պես ծանուցագիր է ստացել և մեկնել առաջնագիծ՝ պատերազմի դաշտ։ Մասնակցել է Ջրականի թեժ մարտերին, հոկտեմբերի 10-ին վիրավորվել: Մայրն ասում է՝ որդին երեք օր վիրավոր շարունակել է կռվել թշնամու դեմ։

«Երեք օր վիրավոր կռվել ա, պոստը չի թողել։ Հետո որոշել են, որ պետք ա իջացնեն հոսպիտալ, «Բայրաքթարը» խփել ա, մեքենայի վարորդը փախցրել ա, որ իրանց չկպնի, ձորն են շուռ եկել։ 72 հոգի զոհվել են, 72-ից մենակ իրան են կենդանի հանել ձորից, ինքն էլ սկորիի մեջ ա ներքին արյունահոսությունից մահացել»,- հուզվում է որդեկորույս մայրը։

Հովհաննեսը վերջին անգամ ընտանիքի հետ կապ է հաստատել հոկտեմբերի 9-ին։ Մայրը պատմում է, որ երբ տղան վիրավորում է ստացել, այլևս անձամբ չի խոսել իրենց հետ, ընկերոջն է խնդրել զանգել, որ տան անդամները չիմանան իր վիրավորվելը։ Այնուհետև տեղի է ունեցել ողբերգական դեպքը։

«Ամուսինս էլ էր պատերազմում, զանգեց, ասեց՝ չգիտեմ՝ Հովի՞կն ա, թե՞ Հակոբիկն ա՝ վիրավոր են (հոպարիս թոռն էլ ժամկետային ծառայող էր): Ամուսնուս խաբել էին, ասել էին՝ վիրավոր ա, չէր իմացել։

Հոսպիտալներում սկսեցինք ման գալ, թևին դաջվածք ուներ, փորձում էինք դրանով գտնել, բայց չգտանք։ Հետո իմացանք, որ մորգում ա»,- կրկին հուզվում է Հասմիկը։

Մայրն ասում է՝ որդու մահվան գույժից հետո կյանքը դատարկվել է, ապրելու ցանկությունը՝ մարել։

«Չէի պատկերացնում, որ կկորցնեմ պատերազմում, բայց ինքն ամեն օր ասում էր՝ մամա՛, ատամներով պահի, որ պապան չգա, էս պապայի կռիվը չի։ Ամուսինս 90-ականներից կռվել ա։ Կամավոր գնաց, որ գտներ երեխուն, երեխու կողքին լիներ, բայց չհասցրեց»,- ցավով ասում է Հասմիկը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: