Սիրտս մի կողմից փշրվեց, մյուս կողմից՝ ուրախության զգшցում եղավ․ Լարիսայի զույգ տղшներից մեկը զոհվել է, մյուսը՝ հրшշքով փրկվել

Հոկտեմբերի 9-ը Լարիսա Խաչատրյանի համար հակասական օր է՝ մահվան, բայց նաև կյանքի: Լարիսայի 19-ամյա որդիներին՝ Զավեն և Արմեն Հակոբյաններին կյանքը և մահը բաժանեց: Պատերազմի ամենաթեժ կետում Զավեն Հակոբյանը 18 զինվորների հետ միասին ԱԹՍ-ի հարվածից «Ուրալի» մեջ է զոհվել, մյուս որդին՝ Արմեն Հակոբյանը, դուրս նետվել ու հրաշքով փրկվել։

«Սիրտս մի կողմից փշրվեց, մի կողմից՝ ուրախության զգացում եղավ, որ գոնե մեկը փրկվել ա, էդ մեքենայից անհնար էր փրկվել, թե ինքը ոնց ա փրկվել՝ հրաշք ա եղել»,- հուզմունքով ասում է մայրը։

Զավեն ու Արմեն Հակոբյանները ծնվել են 2001-ին, զույգ եղբայրները միասին սովորել են, ընդունվել Երևանի պետական համալսարանի նույն՝ երկրաբանության ֆակուլտետ, միասին էլ զորակոչվել բանակ և մասնակցել 44-օրյա պատերազմին։

Հոկտեմբերի 9-ին՝ դեպքի օրն էլ, միասին են եղել։ Արմեն Հակոբյանը մի օր առաջ երազ է տեսել, վատ կանխազգացում ունեցել ու եղբորը հորդորել, որ խմբին չմիանա և չտեղափոխվի։

«Արմենն ասում ա՝ նախորդ օրը երազ տեսա, ես ու վաշտի հրամանատարը (վաշտի հրամանատարն առանձին մեքենայով ա եղել) բոլոր 18 տղաներին պաչեցինք ու հաջող արեցինք… Սիրտս նենց վատ բան էր գուշակում, Զավոյին ասեցի, Զավո՛, դու մնա՛, մի՛ արի։ Փորձում էի հետ պահել, բայց ասեց՝ էլ ուր մնամ, ես քո հետ կգամ, իրար քաշքշեցինք, բայց վրեն չկարողացա»,- որդու խոսքն է մեջբերում մայրը։

Հոկտեմբերի 9-ին «Ուրալով» Տիլ գյուղ տեղափոխվելիս տղաները երկնքում նկատել են անօդաչու թռչող սարք, որոշել են դուրս գալ, պատսպարվել, մինչև վտանգն անցնի, նորից շարունակել ճանապարհը։ «Բայց մարտական գծով պաշտոնյան մոտեցել ա, թե՝ ձեզ ո՞վ ա թույլ տվել, որ մեքենայից դուրս եք եկել: Վաշտի հրամանատարն ասել ա՝ տեսնում ենք՝ ԱԹՍ կա երկնքում, վտանգավոր ա ամեն դեպքում, մի քիչ պատսպարվենք, մինչև վտանգն անցնի, բա՝ արագ լցվե՛ք մեքենան, շարժվեք, դա ՀՕՊ-ի գործն ա, ձեր գործը չի»,- պատմում է մայրը դեպքի մասին ունեցած տեղեկությունները։

Տղաները «Ուրալով» շարունակել են ճանապարհը, 5-10 րոպե չանցած՝ ԱԹՍ-ն հարվածել է։

«Արմենս պատմում ա, որ ԱԹՍ-ն առաջինը հարվածել ա, ինքը «Ուրալի» երկաթի դռնից կախվել ա, երկրորդ հարվածը եղել ա, ինքն արդեն դուրս ա թռել։ Ասում ա՝ երեխեքի ձայները գալիս էին, ոտքը կոտրվել է, ամբողջովին այրվածքների մեջ ա եղել, ասում ա՝ դեմքս վառվում ա, քսում եմ հողին, որ գոնե իջնի այրվածքը, որ տեսնեմ՝ ինչ եմ անում, երեխեքը գոռում էին՝ փրկե՜ք-փրկե՜ք։

Զավոյի ձենը ականջիս մեջ ա՝ փրկի՜, Արմե՛ն, փրկի՜։ Ասում ա՝ ուզում էի վեր կենայի-գնայի, ավտոն ամբողջությամբ վառվում էր։ Հետո, ասում ա՝ ուշքս գնաց, էլ բան չեմ հիշում։ Իշխանաձորի գյուղապետն ա էդ մասով անցել, ինքն ա Արմենիս հոսպիտալ տարել»։

Ըստ ՀՀ դատախազության հաղորդագրության՝ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի՝ մարտական պատրաստության գծով տեղակալ, փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում) հատկանիշներով։)

Դեպքի պահին Լարիսայի ինքնազգացողությունն ահավոր վատացել է, ասում է՝ ուժեղ ցավեր է ունեցել ու հետո իմացել, որ դեպքը եղել է հենց նույն պահին։

«Գյուղում բոլորն արդեն գիտեին, մենք գիշերն ենք իմացել, Արմենս հայտնեց։ Իրան Գորիսի հոսպիտալ են տեղափոխել, ժամը 1-ն անց կեսի սահմանում ամուսինս զանգեց, մինչև էդ անհասանելի էր: Արմենը վերցրեց հեռախոսը, ասեց, որ ինքը վիրավոր է, իրան տեղափոխել են հիվանդանոց, իսկ Զավոյին էլ չեն կարա գտնենք»։

Այնուհետև Լարիսայի ամուսինը՝ Ստեփանը, ընկերների հետ մեկնել է Գորիս, հիվանդանոցներում մյուս որդուն փնտրելուց ու չգտնելուց հետո ընկերներին ասել է, որ իրեն մորգ տանեն։

«Գնացել են, էնտեղ դիերն են բերել, ասել են՝ Իշխանաձորում պայթեցրած մեքենայի զինվորներն են, էդպես դիերը իջեցրել են, ամուսինս ասում ա՝ ինձնից անկախ մոտեցա Զավենին, ցելոֆանը բացեցի… ու ինքն էր։

Ես էլ էդ ժամանակ մամային ասում եմ՝ հլը զանգի Ստեփանին, տես՝ Զավոյին գտավ, ամուսնուս ընկերը վերցրեց հեռախոսը ու ասեց՝ սենց բան ա եղել»,- կսկիծով պատմում է Լարիսան։

Մայրն ասում է՝ որդին շատ երազանքներ ուներ, ցանկանում էր ուսումն ավարտել և Սոթքի ոսկու հանքում աշխատել։ Նպատակներից էր տունը վերանորոգել, նոր կահույք գնել։

Բնավորությամբ բարի էր, չէր սիրում սուտն ու կեղծիքը, շատ ընկերասեր էր, վարակիչ ծիծաղ ուներ․

«Անկառավարելի ծիծաղ ուներ, մի փոքր բանից էնքան կծիծաղեր, Արմենն ասում է՝ զորամասում էնքան էինք ծիծաղում, մեր պատճառով ամբողջ վաշտը շարում էին, շարվելու ընթացքում նորից երկուսս փղձկում էինք, ու մեր հետ ամբողջ վաշտը խեղդվում էր, հրամանատարն էլ տեսնում էր, որ ճար չկա, ինքն էլ էր մեր հետ ծիծաղում»։

Մայրն ասում է՝ պատերազմի պատճառով 180 աստիճան կյանքը փոխվել է, մի որդուն կորցրել է, մյուսին շուտով չորրորդ անգամ են վիրահատելու։

Լարիսան ասում է՝ հաճախ է Զավենի հետ զրուցում գերեզման գնալիս կամ նկարի մոտ։ Անընդհատ ականջին որդու ձայնն է․

«Միշտ ասում էր՝ գանձս, խոսում եմ իր հետ, անընդհատ ներողություն եմ խնդրում՝ կներես, որ ապրում ենք ձեր կյանքի գնով»,- ասում է ու հուզվում որդեկորույս մայրը։

Աղբյուրը՝ MediaLab.am

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում