«Փոքր աղջիկներն էլ խնդրեցին` պա՛պ, ի՞նչ կլինի՝ չգնաս, ասեց՝ որ պապան չգնա, ձեզ ո՞վ պաշտպանի»․ կամավոր Յուրի Սարգսյանը զոհվել է Շուշիում

«Ամեն վայրկյան իրա հետ խոսում եմ, դա ինձ համար ոնց որ կենդանի զրույց լինի՝ բարի լույս, բարի գիշեր։ Ամբողջ օրն ասում եմ՝ ինչի՞ տենց արիր, բալե՛ս»,- արցունքների միջից ասում է 56-ամյա Կարինե Վարդանյանը, որը պատերազմում կորցրել է որդուն։

Հարազատները պատմում են. երկու անչափահաս երեխաների հայր, 36-ամյա Յուրիկ Սարգսյանը պատերազմի լուրն իմանալուն պես անմիջապես կամավորագրվել է և հոկտեմբերի 22-ին մեկնել առաջնագիծ։ Հակառակորդի դեմ կռվել է Կարմիր Շուկայում, Մարտունիում, Շուշիում։

«Պատերազմի երկրորդ օրը վայենկոմատ գնաց, խնդրեց, որ իրեն տանեն: Խոստացան, որ անպայման կուղարկեն, 10-15 օր գիշեր-ցերեկ զանգում էր՝ բա իմ հերթը ե՞րբ ա հասնելու, մինչև ամսի 21-ին կանչեցին, հաջորդ օրն արդեն գնաց»,- պատմում է մայրը՝ 56-ամյա Կարինե Վարդանյանը։

Կարինեն ասում է՝ ճանապարհելիս սիրտը վատ բան էր կանխազգում, բայց որդուն հետ պահել չկարողացավ։ Երեխաները ևս խնդրեցին հորը չգնալ, բայց Յուրիկն անդրդվելի էր։

«Հայրենասիրությունն իր մեջ ինքս եմ դաստիարակել, հիմա ինձ շատ եմ մեղադրում, խոչընդոտ չեմ հանդիսացել իր որոշմանը, բայց վերջին օրն ասեցի՝ բալե՛ս, կարո՞ղ ա չգնաս, արի մի՛ գնա… Ոնց որ մի զգացողություն ունենայի, ասեց՝ մա՛մ, էդ դո՞ւ ես չգնալու մասին խոսում, մյուս անգամ չփորձես իմ մոտ ասես՝ հայրենիքը քո համար թանկ ա։

Փոքր աղջիկներն էլ խնդրեցին, ասեցին՝ պա՛պ, ի՞նչ կլինի չգնաս, ասեց՝ բալե՛ս, արդեն եկել են, հասել Գորիս, որ պապան չգնա, ձեզ ո՞վ պաշտպանի, գնամ, հաղթանակած կգամ»,- հուզմունքով պատմում է որդեկորույս մայրը։

Մայրն ասում է՝ որդին հասել էր Արցախ ու զանգել, շատ բարձր տրամադրություն ուներ։

«Սկզբից 2 օրով տարել են Հոկտեմբերյան, հետո ինձ զանգեց, ասեց՝ տանում են պալիգոններ կրակելու, խնդրում եմ՝ չզանգես, հեռախոսս անհասանելի ա լինելու, չեն թողնելու խոսենք: Մի քանի ժամ հետո զանգեց՝ ուրախ-ուրախ՝ մա՛մ, արդեն հասել ենք, ասում եմ՝ ո՞ւր, դուք կրակելո՞ւ չեք գնացել, ասում ա՝ չէ՛, Արցախում ենք արդեն»։

Հայրենիքը պաշտպանելիս նոյեմբերի 6-ին Շուշիում Յուրիկ Սարգսյանը զոհվել է դիպուկահարի գնդակից։

Յուրիկն ընտանիքի հետ վերջին անգամ կապ է հաստատել դեպքի օրը՝ առավոտյան։ Ասել է՝ ամեն ինչ կարգին է։

«Ասեց՝ մա՛մ, զանգել եմ ձենդ լսեմ, սաղ տոչնի ա, լավ եմ, կզանգեմ, օրը երկու անգամ զանգում էր: Չզանգեց, անհանգստացա, ասեցի՝ երևի գիշերը կզանգի, ժամը 12-ին պապայի ծնունդն ա, կշնորհավորի, չզանգեց․․․»,- հուզմունքով ասում է Կարինեն ու նշում, որ հաջորդ օրն առավոտյան արդեն իմացել են՝ ինչ է պատահել։

Կարինեն ասում է՝ այդ պահից սկսած սրտում դատարկություն է, որևէ բան վիշտը չի սփոփում։

«Որ կողքից ասում են՝ պիտի հպարտ լինես, հերոսի մայր ես, դրանք պարապ խոսքեր են, էդ սրտի ցավը միայն մայրն ա զգում, որ լույս աշխարհ ա բերել իր երեխուն։ Չկա մի սփոփող բան, որ ես իրանից հետո կարողանամ ապրել»,- հուզմունքով ասում է որդեկորույս մայրը։

Յուրիկ Սարգսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, «Ֆիդայիներ» հասարակական կազմակերպության կողմից՝ «Աղբյուր Սերոբ» մեդալով։

Յուրիկ Սարգսյանը շինարար էր, բնակվում էր Երևանում՝ Չարբախում, հաճախ էր արտագնա աշխատանքի մեկնում։ Բնավորությամբ հանգիստ էր, խաղաղ, հաշտ-համերաշխ բոլորի հետ և միշտ ժպիտը դեմքին՝ պատմում է մայրը։

«Ինքը շատ ուրախ էր, անգամ կռվի դաշտում մականունը Ժպիտ էին դրել»։

Յուրին շատ հայրենասեր էր և հայրենիքի կանգուն լինելու մեջ էր տեսնում իրեն և երեխաների ապագան։

«Ինքը միշտ ասում էր՝ եթե հայրենիքը կա, կանգուն ա, ուրեմն ես ապրում եմ, երեխեքս ապագա ունեն, իրա խոսքերն են՝ «Ապրի՛ր, հայրենի՛ք, ու ես կապրեմ քո մեջ»։

Յուրի Սարգսյանի շենքի ճակատային մասում իր նկարն է ու իր խոսքը։

Կարինեն ասում է՝ որդին շատ էր սիրում նաև եռագույնը, միշտ իր հետ էր՝ մեքենայի մեջ։

«Եռագույնն իր համար ուրիշ աշխարհ էր, ուր գնար՝ մեքենայի մեջ, մեքենայի վրա, ասում էր՝ ոչ ոքի չտաս դրոշը։ Մինչև անգամ իրա անկյունում իրա անձնական դրոշն ա դրած»։