«Ասեց՝ որ չգամ, հանկարծ դուխներդ չգցեք»․ որդեկորույս մայրն ասում է՝ 18-ամյա որդին՝ Սոսը, տան ուրախությունն էր

41-ամյա Աննա Փորքաշյանը ամեն անգամ որդու մասին խոսելիս հուզվում է: Հիշում է՝ Սոսի վերջին խոսակցությունը. «Զանգեց, ասեց՝ որ չգամ, հանկարծ դուխներդ չգցեք»:

18-ամյա Սոս Փորքաշյանը ժամկետային զինծառայող էր, ծառայել է Մատաղիսում:  44-օրյա պատերազմի առաջին իսկ օրից եղել է առաջնագծում, մասնակցել թեժ մարտերին, զոհվել հանուն հայրենիքի:

Վերջին անգամ Սոսն ընտանիքի հետ կապ է հաստատել հոկտեմբերի 7-ին, երկու օր անց ստացել են մահվան գույժը:

«Խոսել ենք հոկտեմբերի 7-ին՝ շատ կարճ, կապ չկար իրա հետ, լսել էինք, որ իրա դիրքերի վրա հարձակում ա եղել, չերեզ-չերեզ կապնվել էին, որ տուն զանգի: Մի րոպեով ա ընդամենը խոսել, իրանք արդեն գիտակցել են՝ ուր են ընկել, շատ նեղված ա եղել»,- ասում է որդեկորույս մայրը։

Աննան ասում է՝ հոկտեմբերի 9-ին իմացել են, որ կրկին հարձակում է եղել այն դերքում, որտեղ որդին է եղել, խմբի տղաներից զոհվել են, սակայն իրենց որդու մասին իրարամերժ տեղեկություններ են ստացել և հույսով սպասել, որ Սոսը ողջ կլինի, մի լուր կտա։

«Ով որ մեզ հետ կարողանում էր կապ հաստատել, ինքը ճիշտը ասեց, ասեց՝ ձեր տղեն հերոս ա, բայց հետո աֆիցերը հերքեց, ասեց՝ ես եմ իրան դրել սկորիի մեջ, սխալ են ասում։ Հետո իմացանք՝ Սոսը հենց տեղում ա զոհվել»,- ասում է ու հուզվում մայրը։

Աննան ասում է՝ որդու զինակից ընկերները պատմել են, որ հոկտեմբերի 9-ին հակառակորդը միաժամանակ մի քանի զինատեսակներ է օգտագործել․

«Երեխեքն ասում էին՝ ամայի տարածք ա եղել, ո՛չ խրամատ ա եղել, ո՛չ բան: Առաջին մի քանի օրը դեմ առ դեմ կռվել են, հետո հակառակորդը տեսել ա՝ չեն կարում երեխեքի հախից գան, մի օր լռել են, հաջորդ օրը, ասում են՝ վերևից անձրևի պես կրակ էր թափվում էր, ինչ տեսակի զենք ասես թափվում էր։ Բեկորը մտել ա Սոսի բրոնեժիլետի տակ, չեն տեսել, ներքին արյունահոսություն ա եղել»։

Нет описания.

Մայրն ասում է՝ երկու ամիս անց են միայն կարողացել որդուն գտնել։

«Մարտակերտի հոսպիտալը որ ռմբակոծել են, երեխեքի մարմինները տեղափոխել են Վանք գյուղ՝ ապահով տեղ։ Էնտեղից ենք գտել, ինքը լրիվ ճանաչելի էր»։

Աննան ասում է՝ եթե չլիներ չարաբաստիկ պատերազմը, հիմա որդին ծառայությունն ավարտած ու տուն վերադարձած կլիներ:

Մայրն ասում է՝ որդու զոհվելուց հետո կյանքը 180 աստիճանով շրջվել է։ Սոսի երկու քույրն ու եղբայրը ևս շատ ծանր են տանում եղբոր կորուստը։

«Իրենք շատ կապված էին, երեքի մոտ էլ հոգեբանական խնդիր կա իրա բացակայությունից, սթրեսի մեջ են, ինքնամփոփ են դարձել»,- ասում է մայրը։

Մայրը տխուր ժպիտով է հիշում Սոսի մասին պատմությունները, ասում է, որ նա շատ ուշադիր էր, հոգատար, սիրում էր հարազատներին անակնկալներ անել: Անան ասում է՝ որդին ոչ մի տոն բաց չէր թողնում:

«Ինքը անկախ ամեն ինչից՝ ուներ-չուներ, եթե տոն ա՝ իմը կլիներ, քույրերինը թե տատինը, ինքը կստեղծեր, որ թեկուզ փոքր բանով շնորհավորեր, ինքն առաջինը լիներ։ Ծառայության ժամանակ էլ չի անտեսել ոչ մեկի, իմ ծննդյան օրը ինքը ստեղ չի եղել, իրա անունից տորթն ու ծաղիկները պարտադիր բերել են»,- ասում է ու հուզվում մայրը։

Մայրն ասում է՝ որդին հանգիստ բնավորություն ուներ, ընկերական շրջապատում էլ փորձել է վեճերը խոսքով հարթել։

Դպրոցն ավարտելուց հետո Սոսը հայրիկի հետ սկսել էր աշխատել, տների վերանորոգում էր իրականացնում․

«Ինքը սիրում էր էդ գործը, հորն ասում էր՝ պա՛պ, գնամ բանակ, գամ, կգնանք Ռուսաստան, կաշխատենք, կգանք, տուն կառնենք»։

Աննան ասում է՝ ցավը խորն է, կարոտը՝ անսահման, սակայն փորձում է հաղթահարել ու առաջ շարժվել, քանի որ վստահ է՝ Սոսը չէր ցանկանա, որ ընտանիքի որևէ անդամ տխուր կամ ընկճված լինի։

«Ինքը չէր սիրում, որ տուն մտներ ու մեզ տխուր տեսներ, գնում էր, երաժշտություն էր միացնում, սիրում էր երաժշտություն, մեր ուրախությունն էր։ Մեծ տղաս, որ ծառայում էր, ես լացկան էի, որ մի զինվորի մի բան էր լինում, լացում էի: Երբ մեծս զորացրվեց, Սոսն ասեց՝ օ՜, դու գոնե լացդ կպրծնես, ասեցի՝ Սո՛ս ջան, որ դու էլ գաս, արդեն խիղճս հանգիստ կլինի, ասեց՝ ի՞նձ ինչ ա եղել, ծառայելու եմ գամ, հեսա կպրծնեմ։

Ինքը ոնց ուզել ա՝ էդպես էլ պիտի ապրենք, որ մենք չապրենք, իրանք չեն ապրի, մեր զոհված տղերքը չեն ապրի, մենք պիտի իրանց անունը պահենք, հիմա ո՞վ ա հիշում իրանց, մի տարի էլ անցնի, ընդհանրապես չեն հիշի»,- ասում է որդեկորույս մայրը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում