Ես մնացել եմ 100-օրյш փնտրտուքի մեջ, շարունակում եմ սպшսել, որ Գևորգս կգա. Հերոս Գևորգ Մանուկյանի մшյրը չի համակերպվում որդու կորստի հետ

Չնայած հունվարի 19-ին ԴՆԹ պատասխանով Լիանան տեղեկացել է, որ որդին զոհվել է, բայց մայրը հույսը չի կորցնում, որ տեղի ունեցածը սխալմունք կլինի։

«Սպասում եմ Գևորգիս, դին տեսել եմ, բայց անճանաչելի էր»,- ասում է 39-ամյա Լիանա Ղազարյանը։

Լիանայի որդին՝ Գևորգ Մանուկյանը, ժամկետային զինծառայող էր, ծառայել է Արմավիրում, երբ սկսվել է պատերազմը։ Հոկտեմբերի 19-ին Գևորգն Արմավիրից տեղափոխվել է Կուբաթլու՝ առաջնագիծ։ Մայրն ասում է՝ որդու հետ վերջին անգամ խոսել է հենց հոկտեմբերի 19-ին, սակայն որդին չի ասել, որ տեղափոխվում է։

«Իր ընկերներից զանգեցին, ասեցին՝ մորքո՛ւր ջան, 15 րոպեից Գևորգին տանում են, մենք գնացինք տեսանք, ճանապարհեցինք։ Ասում էր՝ հանգստացի՛, մամա՛, պատերազմ չեն տանում, տանում են Խնձորեսկ։ Ասեցի՝ որ հասնեք, գոնե խաբար արա։ Բայց էդպես էլ ոչ զանգեց, ոչ մի լուր չիմացանք․․․»- կսկիծով ասում է Լիանան։

Մայրն ասում է, երբ հոկտեմբերի 24-ին լսել է, որ Կուբաթլուն անցել է հակառակորդի վերահսկողության տակ, որոշել է գնալ ԴՆԹ հանձնելու։ Չնայած որդու զինակից ընկերներն և հրամանատարներն ասել են, թե Գևորգը չի զոհվել։

«Չնայած մենք որոնում էինք Գևորգին ողջերի մեջ, բայց ԴՆԹ հանձնեցի։ Զինակից ընկերներից ասում էին, որ հոկտեմբերի 21-ին Գևորգը վիրավորներին ա օգնել, իրա զենքը չի աշխատել, եկել ա երկրորդ գծից ընկերոջ զենքն ա վերցրել, գնացել ա առաջ։ Զորամասի հրամանատարներն ասում էին՝ իրան զոհված չենք տեսել, հրամանատարի հետ գնացել ա առաջադրանք կատարելու։ Ըստ երևույթին, թաքնված ա»։

3 ամիս անց Մանուկյանները տեղեկանում են, որ Գևորգը զոհվել է Կուբաթլուում հոկտեմբերի 22-ին՝ ԱԹՍ-ի հարվածից։ Գևորգի զոհվելուց հետո Լիանան հոգեբանական ծանր վիճակում է հայտնվել։ Ասում է՝ 2-3 ամիս որևէ մեկի հետ չի ցանկացել շփվել։ Ավելի ուշ՝ ընկերանալով զոհված տղաների մայրերի հետ, կիսելով ցավն ու կսկիծը, սկսել է ինքն էլ իր մեջ ուժ գտնել։

«Գևորգս Եռաբլուրում ա, օր չկա, որ չայցելեմ, ու շատ մամաներ կան, որ այցելում են։ Իրար հետ շփվելով, իրար ուժ տալով՝ ապրում ենք։ Բոլորն էլ ցավում են, բայց երբ ցավը կոնկրետ հասկացող կա, դա ուրիշ ա։ Մամաների խորհրդով դիմեցի նաև հոգեբանի, էդ էլ որոշակի դրական արդյունք տվեց։

Բայց ես մնացել եմ 100-օրյա փնտրտուքի մեջ, շարունակում եմ սպասել, որ Գևորգս կգա»,- ասում է ու հուզվում մայրը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում