Վայ մեր ջան, ձեր մոտ ի՞նչ ձայներ են լսվում, մեր մոտ չեն կրակում, եկեք մեր մոտ. հերոս Ավոն խաբեց ընտանիքին ու մնաց դիրքում, որ ընկերները նահանջեն

Ամեն առավոտ զանգում էր, հումորներ անում, հուսադրում, թե մեր մոտ բան չկաայնքան էինք լսում իրենից «գնամ բանակ գամ…»:

Բոլոր երազանքները պիտի կատարեր վերադարձից հետո․․․

Ավետիք (Ավո) Մելքոնյան, ծնվել է 2001 թվականի Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղում։ 2020թվականի հունվարի քսանվեցին զորակոչվել է բանակ։ Ծառայել է Մարտունի երեքում։ Նպատակասլաց երազանքներով լի շատ ուրախ, կենսախինդ, հումորով տղա էր։ Այնքան ուրախ և գոհ էր իր ծառայությունից։

Մինչև ծառայության գնալը, երբ լսում էր որ շրջապատում տղաները չեն ցանկանում ծառայել, ասում էր՝ «ի՞նչ են հասկանում որ»…: Ընտանիքը չի կարողանում դիմանալ կարոտին, որդուն ծառայության մեկնելուց հետո մեկ օր միայն տեսան:

Յուրաքանչյուր ամսի վերջին օրերին ասում էր. «Ոնց որ եկող ամիս գալու եմ» և այդպես մինչև սեպտեմբեր։ Թվում էր, թե ամեն ինչ լավ է, բայց բացվեց առավոտը, ու պատերազմի հենց առաջին օրվանից ամենաթեժ կետերում գտնվելով՝ հումորներ էր անում կրակոցների ձայնի տակ ու հավատացնում ընտանիքին, որ իրենց մոտ ամեն բան կարգին է. «Այ քուրս, երեկ եմ պոստերից իջել, հո րոպեն մեկ չեն տանելու բերեն»… իր խոսքի հետ մեկտեղ լսվում էր պայթյունների ձայները։ Ու այդես 37 օր շարունակ: Յուրաքանչյուր առավոտ զանգում էր, հումորներ անում, հուսադրում, թե մեր մոտ բան չկա, դուխով։

Հաճախ անօդաչուների հարվածների ձայներն անգամ ընտանիքն էր լսում, բայց Ավոն ասում էր. «Վայյյ մեր ջան, էդ ինչ վտանգավոր է էդտեղ, մեր մոտ լավա, եկեք մեր մոտ»։ Ասում էր լավ եմ, ինչ ա եղել, ծառի տակ նստած նուռ եմ ուտում:

Մոր ծնունդին դեռ մի ամիս մնացել էր, բայց պատերազմի թոհուբոհի մեջ ասաց քրոջը, որ հավաքած գումար ունի ու ուզում ա իր կողմից մի բան անի, գումարն էլ կուղարկի: Բայց մայրն իր ծննդին որդու զանգին էր սպասում, որն այդպես էլ ուշացավ:

Հրամանատարը հայտնեց. «Ձեր տղան իր ընկերների հետ հատուկ մարտական առաջադրանք կատարելիս զոհվեց։ Կորդիստ էր, ընկերոջ հետ պահել է նահանջի հրաման ստացած ընկերների թիկունքն ու հերոսաբար ընկել երկնքից թափվող կրակի հարվածներից»։

Այսպես ավարտվեց լուսավոր երիտասարդի կյանքը, ավարտվեց հանուն իր հայրենիքի, ոնց ինքն էր սուրբ հողի։ 

Փա՛ռք Քեզ, Հերո՛ս, շնորհակալ ենք:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում