Կրծքով պետք է կերակրել մինչև երեխայի՝ 2 տարեկանը լրանալը. մասնագետի խորհուրդները՝ նորաթուխ մայրիկներին (Մաս 2)

Aysor.am-ն իր ընթերցողին է ներկայացնում նորաթուխ մայրիկների շրջանում կրծքով կերակրման խրախուսման թեմայով զրույցի շարունակությունը։ Հիշեցնենք՝ մեր զրուցակիցը ԿԿ խորհրդատու Անուշ Սաքանյանն է, ում հետ ավելի վաղ խոսել էինք ԿԿ կարևորության և այդ պրոցեսի՝ անփոխարինելի լինելու մասին։

Այս անգամ նրանից հետաքրրքվեցինք՝ մինչև ո՞ր տարիքն է խրախուսվում կրծքով կերակրման պրոցեսը։

Մասնագետի խոսքով՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մայրիկներին հորդորում է կերակրել մինչև երեխայի՝ 2 տարեկանը լրանալը։

«Դրանից հետո գործընթացը կարելի է կազմակերպել ըստ մայրիկի և բալիկի ցանկության։ Մինչև 2 տարեկանը երեխան ունի կրծքի կաթից ստանալու անփոխարինելի բաղադրիչներ, որոնք չի կարող ստանալ սննդի այլ տեսակներից», — ասաց նա։

Անդրադառնալով հարցին, որ շատ ծննդատներում խրախուսվում է ոչ թե ԿԿ, այլ արհեստական կաթնախառնուրդներով սնուցումը, ինչպե՞ս պետք է նոր ծննդաբերած մայրիկը կարողանա հաղթահարել այս փուլը, Անուշ Սաքանյանը նախ համաձայնեց՝ որոշ ծննդատներում, իսկապես, մայրիկներին համոզում են, որ ավելի լավ է երեխային կաթնախառնուրդ տալ, քան կրծքով կերակրել։

«Սրա պատճառներից մեկը բուժանձնակազմի ինֆորմացված չլինելն է, գուցե՝ շահը, բայց փաստը մնում է փաստ, որ ծննդկանների 90 տոկոսը ծննդատներից դուրս է գրվում արդեն պոտենցիալ արհեստական կաթնախառնուրդ օգտագործող։ Այս խնդրի լուծումը ես համարում եմ գրագետ ինֆորմացիայի՝ հնարավորինս ակտիվ տարածումը։ Իրականում կրծքով կերակրումը հասանելի է բոլորին։ Եթե բնությունը հնարավորությւն է տալիս կնոջ օրհանիզմին երեխա ստեղծել, ապա միանշանակ ապահովում է նաև ամենաօգտակար սննդով՝ մայրական կաթով», — ասաց մեր զրուցակիցը։

Անուշ Սաքանյանից նաև հետաքրրքվեցինք՝ եթե սկսնակ մայրիկը դժվարանում է ինքնուրույն կազմակերպել ԿԿ պրոցեսը, ո՞ւմ պետք է դիմի օգնության համար։ ԿԿ խորհրդատուն ուղղորդեց դիմել ԿԿ խորհրդատուներին՝ միաժամանկ նշելով, որ հատուկ կրթություն ստացած ԿԿ խորհրդատուները, ցավոք, ծննդատներում չեն աշխատում, քանի որ մի շարք կառուցվածքային խնդիրներ կան, այդ թվում՝ Հայաստանում ԿԿ սերտիֆիկացման բացակայությունը։

«Հիմնականում կանայք դիմում են կրծքով կերակրման կամ մայրիկների աջակցության ֆեյսբուքյան խմբերին, ստանում ԿԿ խորհրդատուների տվյալներ և կապ հաստատում վերջիններիս հետ», — նշեց Անուշ Սաքանյանը։

Վերջում խորհրդատուին հարցրեցինք՝ ինչպե՞ս պետք է կազմակերպել ԿԿ պրոցեսի ավարտը՝ չվնասելու ո՛չ բալիկին, ո՛չ մայրիկին։

Անուշ Սաքանյանը նկատեց՝ ցանկալի է գործընթացը կազմակերպել աստիճանաբար, ինչը բացառում է, որ ԿԿ-ն ավարտվի մի քանի օրում կամ շաբաթում. պրոցեսը կարող է ամիսներ տևել։

«Իրականում կրծքով կերակրելը սկսում ենք ավարտել 6 ամսականից, երբ ԿԿ-ին զուգահեռ՝ սկսվում է հավելյալ սննդի ներմուծումը։ Սա փաստացի ԿԿ ավարտի սկիզբն է։ Ցանկալի է, որ վերջնական ավարտը տեղի ուեննա 2 տարեկանից հետոո՝ ամեն ամիս մեկ կերակրում հանելով կամ նույնիսկ ավելի դանդաղ։ Ցանկալի է կերակրումներ հանելը սկսել մեկուկես տարեկանից։

Ամեն դեպքում, գործընթացը պետք է լինի դանդաղ, որպեսզի չվնասի ո՛չ մայրիկի, ո՛չ բալիկի ֆիզիկական և հոգեկան առողջությանը։ Ողջ գործընթացի ժամանակ հարկավոր է հաշվի առնել երեխայի տարիքային, առողջական, ֆիզիկական ու հոգեբանական գործոնները։
Սկզբում ցանկալի է հանել ցերեկային, իսկ հետո՝ գիշերային կերակրումները՝ պայմանավորվելով, խոսելով բալիկի հետ։ Դրա համար ցանկալի է, որ երեխան խոսող, փոքրիշատե հասուն լինի՝ հասկանալու մայրիկին», — ամփոփեց Անուշ Սաքանյանը

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում