Քեզ ձիգ պшհի, տղшներիս լավ կնшյես, միշտ կհիշես, որ ես քեզ սիրում եմ․ ասաց ու անջատեց. ապրիլյան և 44-օրյա պատերազմների հերոս Մшրшտի սխրագործությունները

Պահեստազոր Մարատ Վլադիկի Խաչատրյանը ծնվել է 1979 թվականին Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում:

Մարատը, որպես տանկիստ մասնակցել է ապրիլյան քառօրյային, վերադարձել է լեյտենանտի ուսադիրներով: 44-օրյա պատերազմի սկզբից ևս եղել է մարտի դաշտում: Առաջին իսկ օրից տանկիստների դասակով մեկնել է Ջրական, գրավել 3 դիրք: Ընկել է քաջի մահով հոկտեմբերի 5-ին անօդաչուի հարվածից:

Մարատի կինը՝ Սուսաննա Ալեքսանյանը պատմեց, որ ամուսինն Ապրիլյան պատերազմին մասնակից է և սպայի կոչում ուներ.

«Հոկտեմբերի հինգի առավոտյան է դեպքը պատահել, երկու դիրք գրավել են, երրորդ դիրքը գրավելուց հետո դուրս են եկել, որ տեսնեն տարածքում թշնամի կա, թե չկա, վերևից հրետակոծել են: Երկու ժամ թեժ մարտերից հետո իրեն հազիվ կարողացել են դուրս բերել թշնամու տարածքից: Իր երկու հորեղբոր տղաներն էլ են զինվորական, իրենց կյանքի գնով այնտեղից հանել են, որ թուրքի ձեռքը չընկնի, բայց ցավոք չեն կարողացել կյանքը փրկել, երկու ժամ արնահոսել է և մահացել»,-ասաց նա և նշեց, որ հորեղբոր տղաներից մեկն էլ վիրավոր է:

Կինն ասաց, որ Մարատի հետ վերջին անգամ խոսել է դեպքի օրը՝ առավոտյան, արդեն վիրավորվելուց հետո:

«Միշտ առավոտյան ու երեկոյան զանգում էր, ընդամենն ասում էր՝ լավ եմ, էլի կզանգեմ: Այդ օրը առավոտյան 9:20 իր հետ խոսել եմ, որից 15-20 րոպե անց մահացել է: Ես աշխատանքի վայրում էի, զանգահարեց, ասեց՝ քեզ ձիգ պահի, քեզ լավ պահի, տղաներիս լավ կպահես, միշտ կհիշես, որ ես քեզ սիրում եմ: Ասաց ու անջատեց»,-պատմեց նա և նշեց, որ դրանից հետո կապ չի եղել, որ նորից խոսի:

«Ինքը շատ հայրենասեր էր, պատերազմը, որ սկսեց, ինքն ասաց՝ կանչեն-չկանչեն գնալու եմ, նույնն էլ ապրիլյանին էր: Ես էլ՝ որպես երկու երեխաների մայր, խնդրեցի չգնա, ինքն էլ ասաց՝ իմ տղաները գլուխը բարձր պետք է քայլեն, իմ տղաների հայրը վախկոտ հայր չի: Նա լավ ամուսին էր, լավ հայր էր, լավ որդի էր, երեք քույր ունի: Ես շատ հպարտ եմ, որ հերոսի կին եմ, իր երեխաներն էլ շատ հպարտ են, որ իրենց հայրը հերոսի մահով է գնացել, մեր հայրենիքը, մեր տունն է պաշտպանել»,- հավելեց նա:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում