2 տարի էլ չկար, որ ամուսնացել էինք, չհшսցրինք մեր երազանքներն իրականացնեինք. կինը պшտմում է հերոս шմուսնու՝ Ռաֆիկի մասին

«Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 7-ն անց կես, երբ պատերազմն սկսվեց, ամուսինս դիրքերում էր, ինձ զանգեց, ասեց՝ եղբորդ ասել եմ, կգա քեզ ու երեխային կտանի, հետո ես կգամ ձեզ կբերեմ։ Ջրականից մի կերպ, կյանքի գնով հասանք Հայաստան»,- պատմում է 27-ամյա Սուսաննա Մկոյանը և նշում, որ չէր էլ կարող պատկերացնել, որ այդ օրվանից սկսած իր կյանքը գլխիվայր շուռ է գալու։

Սուսաննան և ամուսինը՝ Ռաֆիկ Նիկողոսյանը, 2 տարի էլ չկար, որ ամուսնացել էին, ընտանիք կազմել, երեխա ունեցել։ Քանի որ ամուսինը՝ պայմանագրային զինծառայող, ավագ լեյտենանտ Ռաֆիկը Նիկողոսյանը, ծառայել է Ջրականի զորամասում, ընտանիքով բնակություն էին հաստատել Ջրականում՝ զինվորականների համար նախատեսված ծառայողական բնակարանում։

Սուսաննան թախիծով հիշում է, որ ամուսնու հետ մեծ երազանք ունեին՝ տուն գնեին, իրենց անկյունն ունենային, միասին աղջկան մեծացնեին, բայց փոխարենը՝ այժմ մեծ վիշտ, կարոտ ու դատարկություն է Սուսաննայի հոգում։

Ռաֆիկը դեռ նախքան պատերազմն սկսվելը՝ սեպտեմբերի 25-ին է դիրքեր բարձրացել, և այդ օրվանից ընտանիքն այլևս Ռաֆիկին չի տեսել։ Դիրքեր բարձրանալուց մեկ օր առաջ՝ սեպտեմբերի 24-ին, Սուսաննայի ծննդյան օրն է եղել, կինն ասում է՝ տպավորություն էր, որ ամուսինը կանխազգում էր, որ դա վերջին օրն է, որ տեսնում է կնոջն ու երեխային։

«Էդ օրը անընդհատ ժամացույցին էր նայում, թե երբ պիտի ժամը 24։00-ը լինի, ես էլ չէի հասկանում՝ ինչի:  Ինքը Գյումրիից ոսկե ականջօղեր էր պատվիրել, որ նվիրի ինձ։ 12-ը որ եղավ, օղերը տվեց ու ասեց՝ ինչ էլ ուզում ա լինի, ականջօղերդ երբեք չհանես ականջիցդ։ Հետո ասեց՝ երեխուն հանի, տեսնեմ, ասեցի՝ քնած ա, փոքր ա, արթնանա, գիշերը չի քնի, քեզ էլ չի թողնի քնես, վաղն էլ պոստեր ես գնալու, ասեց՝ էլ եսիմ կտեսնե՞մ իրան»,- հուզմունքով հիշում է Սուսաննան։

Ռաֆիկ Նիկողոսյանը մինչև հոկտեմբերի 14-ը Ջրականում հայրենիքի պաշտպանության համար կռվել է հակառակորդի դեմ և զոհվել է անօդաչու թռչող սարքի հարվածից։ Հոկտեմբերի 14-ին ամուսնու մասին լուր չստանալուց հետո, Սուսաննան ասում է՝ բոլոր հնարավոր համարներով փորձել է զանգել, կապ հաստատել ամուսնու հետ, սակայն՝ ապարդյուն։

«Անկախ ինձանից, ես արդեն ամուսնուս անունը ման էի գալիս զոհվածների ցուցակում»,- ասում է Սուսաննան ու նշում, որ բարեկամներն արդեն իմացել էին դեպքի մասին, երկու օր անց նաև ընտանիքի անդամներին հայտնել։

«Խելագարվում եմ դատարկությունից, կարոտից, որը սրտումս և հոգումս է։ Խեղդվելու աստիճան ցավոտ է, երբ մտածում եմ, որ էլ չի գալու, չի զանգելու, աչքս ճամփին սպասելով մնաց»,- մորմոքով ասում է 27-ամյա կինը ու նշում, որ ապրելու ուժ միայն երեխան է տալիս՝ արդեն 2-ամյա դուստրը։

Ռաֆիկ Նիկողոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում