Պապ, մի քանի օր չեմ զանգելու, գնում եմ դիրքեր․․․ հետախույզ-դիպուկահար Աշոտ Մելիքսեթյանը զոհվեց հերոսաբար

«Ես Աշոտին տեսել եմ սեպտեմբերի 30-ին։ 5 օր դիրքերում մնացինք, պահեցինք, հետո հետ նահանջ տվեցինք ու եկանք Ջեբրայիլ, որտեղ 1 օր մնացինք, հետո բոլորիս տարան Հադրութ։ Այնտեղ հրամանատարների տներ կային` մեծ շենքեր, դրանց նկուղում մնացինք։ Մենք ոտքով էինք գնում, հեռադիտակ չունեինք, այդ օրից ի վեր Աշոտին չենք տեսել»,- պատմում է Աշոտի զինվորական ընկեր՝ Տիգրան Գրիգորյանը։

Նա 5 օր է եղել Աշոտի հետ դիրքերում, շփվել, մտերմացել: Զոհված հետախույզ-դիպուկահար Աշոտ Մելիքսեթյանը հերոսի պես մարտնչել է մինչև վերջ։

Աշոտը սիրված էր բոլորի կողմից։ Երբ դպրոցն ավարտեց, ուզում էր ատամնաբույժ դառնալ, հետո որոշեց, որ ծառայությունը կվերջացնի, հետո անպայման կսովորի։ Աշոտը ծառայության է մեկնել 2019 թ-ի դեկտեմբերի 16-ին, ծառայել է Ջեբրայիլում։

Վերջին անգամ Աշոտի ձայնը լսել են հոկտեմբերի 27-ին։ Մորաքույրն ասում է, որ դժվարությամբ էին խոսում, արցունքները չէին թողնում։ Մի անգամ խոսելու ժամանակ էլ ասել է․ «Աշ ջան, դիմացի, լավ կլինի»։

Հիշում է`վերջին խոսակցության ժամանակ բոլորի հետ խոսել է ու հորը`Արտյոմին, ասել`պապ, մի քանի օր չեմ զանգելու, գնում եմ դիրքեր, կապ չկա։

Այդ օրվանից կապը կտրվել է։ Հայրն ամեն օր, ամեն տեղ՝ բոլոր զոհվածների ու վիրավորների մեջ փնտրել է որդուն։ Որոշ ժամանակ անց լուր են ստացել, որ որտեղ ծառայել է Աշոտը`այդտեղ կատաղի մարտ է եղել, բոլորը զոհվել են։

Աշոտի մայրը արցունքներն աչքերին ասում է․ «Ինձ հերոս պետք չէ, ինձ իմ տղան է պետք»։