Ինքը կամավորագրվեց, որ գնա հորը գտնի. հայրը վերադարձավ, իսկ ինքը՝ չէ. Հերոս Գրիգորի պատմությունը

Գրիգոր Լևոնի Թեյմուրազյանը ծնվել է 1998թ-ի հոկտեմբերի 25-ին Երևանում: Արմատներով շուլավերցու և ջավախեցու թոռ է: Առաջին դասարանն ընդունվել է Սանկտ-Պետերբուրգի դպրոցներից մեկում:

Տարրական դասարանն ավարտելուց հետո տեղափոխվել է Հայաստան և ընդունվել Երևանի Լևոն Միրիջանյանի անվան N 155 դպրոցը: Դպրոցն ավարտելուց հետո՝ 2017թ-ի հունվարի 11-ին զորակոչվել է բանակ, ծառայել է Ջրականում (Ջաբրայիլ):  Զորացրվելուց անմիջապես հետո անցել է աշխատանքի: Աշխատել է պահեստապետի օգնական և օպերատոր: Պատերազմի ընթացքում, մինչ իր ուղեգիր ստանալը, ընտանիքից գաղտնի կամավորագրվել էր, սակայն հաջորդ օրը՝ հոկտեմբերի 15-ին, ստացավ ուղեգիր: Հոկտեմբերի 16-ին մեկնեց Ջաբրայիլ՝ իրեն հոգեհարազատ վայր:

«Մենք այնքան լավ քույր ու եղբայր էինք, որ կյանքում իրար հետ չենք կռվել, չենք նեղացել իրարից, մեզ ուղղակի նախանձեցին։ Նա այնքան բարի, բոլորին կամեցող տղա էր, որ հիմա ներկային հավատալն ու դրանով ապրելը շատ դժվար է»,- մեծ ցավով և հպարտությամբ ասում է Գրիգորի քույրը՝ Լիանա Թեյմուրազյանը:

Գրիգորը մեծատառով մարդ էր, բարությունն ու համեստությունն նրա գլխավոր հատկանիշներն էին: Անսահման հոգատար էր, ընկերասեր ու ժպտերես: Հայրենասիրությունն իր մեջ դեռ փոքր տարիքից է սերմանած եղել: Գլխավոր նպատակն էր՝ աշխատել այնքան, որ կատարեր ծնողների բոլոր երազանքներն ու նպատակները: Իսկ նա երազում էր շրջագայել ամբողջ աշխարհով:

Ծառայակից ընկերները պատմում են, որ Գրիգորը շատ հարցերում միանգամից շտապում էր օգնության: Չեն կարողանում հավատալ, որ իրենց ընկերը չկա:

«Ես և Գրիգորը նույն վաշտից ենք եղել։ Ժամանակ էր լինում, որ իրար հետ նույն դիրքերում էինք լինում: Գրիգորը շատ հավասարակշռված տղա էր: Գիշերը գնում էր դրսում կանգնածներին թեյ կամ սուրճ էր տալիս, որ չքնեն ու չմրսեն: Այն եզակի տղաներից էր, ով մտածում էր դրսում կանգնածների մասին: Բոլորը սիրում ու հարգում էին իրեն, թե՛ սպայակազմը, թե՛ զինվորները: Գիշերները միշտ ուշ էր քնում:

Մի օր գնացի մոտը, տեսա էլի քնած չի, հարցրի, թե ինչի չի քնում, ասեց՝ բեր սուրճ խմենք ու կպատմեմ: Երկար զրուցեցինք, ասեց՝ կյանքը գնում է, ես էլ չեմ ուզում քնած անցկացնեմ, էսպես լավ է: Միշտ սպասում էր զորացրվելուն ու բոլորի գնալու օրերը անգիր գիտեր: Ինձնից 6 ամիս շուտ զորացրվեց»,- պատմում է Գրիգորի ծառայակից ընկերը՝ Արտյոմ Սևումյանը:

Գրիգորի հայրը՝ Լևոն Թեյմուրազյանը, պատերազմի դաշտ էր մեկնել հոկտեմբերի 4-ին: Հորից 5 օր լուր չունենալով կամավորագրվեց, որպեսզի գտնի հորը, բայց հայրը վերադարձավ, իմանալով, որ տղան գնացել է իր ետևից, սակայն Գրիգորն այդպես էլ չվերադարձավ: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի վերջին, սակայն ստույգ օրը հայտնի չէ հարազատներին:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում