Առանց ընտանիքի անդամներին ասելու ընկերոջ հետ կամավոր մեկնել է առաջնագիծ. Հերոս Ռաֆիկի պատմությունը

Ռաֆիկ Սիմոնյանը ծնվել է 1994 թվականի նոյեմեբերի 28-ին Սպանդարյան գյուղում։ Նրա ընտանիքը Սյունիքի մարզի Սպանդարյան գյուղից Մասիս էր տեղափոխվել 2000 թվականին։ Ռաֆիկը ավարտել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Ծառայել է Երևանի հատուկ նշանակության զորքերում։

Պատերազմի 2-րդ օրը՝ սեպտեմբերի 28-ին, Ռաֆիկը զանգել է Սպանդարյանում բնակվող իր ընկերոջը՝ Զախար Իսկանդարյանին։ Զախարն ասել է, որ զորահավաքով մեկնելու է առաջնագիծ։ Ռաֆիկը որոշել է միանալ ընկերոջը։ Նա հաշվառված էր Սիսիանի զինկոմիսարիատում, առաջնագիծ մեկնել է որպես կամավոր։ Ընտանիքի անդամներին չի տեղեկացրել գնալու մասին։ Ռազմաճակատ է մեկնել որպես հրետանավոր։

Պատերազմի ընթացքում եղել է առաջնագծի տարբեր ուղղություններում. սկզբում նրանց հերտանին տեղակայված է եղել Վարանդայում, Հադրութում, հետո նահանջել են դեպի Մարտունի 2, ապա՝ Կարմիր Շուկա, պատերազմի վերջին օրերին տեղակայվել են Ննգիում, որտեղից կրակում էին դեպի Շուշի։

Եղբոր հետ վերջին անգամ քույրը՝ Հերմինեն խոսել է նոյեմբերի 6-ին։ Սովորականից երկար են խոսել, Հերմինեի որդիները քեռու համար երգել են, Ռաֆիկն ասել է՝ «Պարապեք, որ գամ, երգեք, գալու եմ, լավ առաջ ենք գնում, լավ ա ամեն ինչ»։

Զախարը պատմում է, որ Ռաֆիկին ինքն է զոհված գտել, Մարտունու շրջանի Ննգի գյուղի շրջակայքում, նոյեմբերի 7-ի հրետակոծության արդյունքում ստացած բեկորային վնասվածքից։ Ռաֆիկը զոհվել է բեկորային վնասվածքից։ Այն խոցել էր նրա կոկորդը, կտրել զարկերակը։

Զախարը Սպանդարյանում ընկերոջ հիշատակին հուշաքար է կանգնեցրել։ Ռաֆիկը հուղարկավորվել է նոյեմբերի 9-ին Մասիս քաղաքի գերեզմանատանը

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում