Հրամանատարն ասել ա՝ հետ գնացեք, երեխեքից 13-ը, որոնցից մեկը՝ Նարեկս, ասել են՝ մենք քո հետ ենք, գալիս ենք առաջ․ որդուց հետո՝ առանց երջանկություն ու հույս

«Ամսի 9-ին Նարեկը զանգեց, ասեցի՝ գիտեմ, ձեզ տեղափոխել են, ասեց՝ հա՛, մա՛մ, էդ վատ տեղն եմ։ Կյանքում չէի ուզի, որ նման բաներ տեսնեմ, բայց տեսել եմ… Ասեցի՝ Նարե՛կ, քիչ մնաց, պի՛նդ մնա»,- պատմում է 42-ամյա Սաթենիկ Տիգրանյանը ու հուզմունքով նշում, որ այդ զանգից հետո որդու հետ կապ հաստատել այլևս չի կարողացել։

19-ամյա Նարեկ Արտուշյանը ժամկետային զինծառայող էր, ծառայել է Մեղրիում, երբ սկսվում է պատերազմը։ Նարեկը պատերազմի առաջին օրերից տեղափոխվել է Ջրական, սակայն ծնողներին հավատացրել է, թե Մեղրիի զորամասում է։

«Նարեկը մի անգամ զանգեց՝ մա՛մ, ի՞նչ կա, ասեցի՝ ոչ մի բան, ասեց՝ վիճակը ո՞նց ա, ասեցի՝ վատ ա, բայց, կարևորը՝ դու լավ ես: Ես գիտեմ՝ ինքը Մեղրիի պոստերն ա, ինքը չէր ասել։ Հետո եմ ծնողներից իմանում, որ մեր երեխեքին տարել են, բայց չէի հավատում։ Մեծ տղես Ֆեյսբուքով զոհվածների անունները կարդում ա, մեկ էլ՝ մա՛մ, իրոք Նարեկենց տարել են, իրանց տղերքից կան զոհված»,- ցավով հիշում է մայրը։

Նարեկ Արտուշյանը հակառակորդի դեմ կռվել է մինչև հոկտեմբերի 10-ը և այդ օրը երեկոյան զոհվել Ջրականում անօդաչու թռչող սարքի հարվածից։

Նարեկի զինակից ընկերներից մեկը, որը փրկվել է նույն վայրում, ծնողներին պատմել է դեպքից մանրամասներ:

«Հրամանատարն ասել ա՝ երեխեք, հե՛տ գնացեք, 28-ը հետ են գնում, 13-ը, որոնցից մեկը՝ Նարեկս, ասում են՝ հրամանատա՛ր, մենք քո հետ ենք, գալիս ենք առաջ։ Ամսի 5-ին լավ բոյ են տալիս, առաջ են գնում, հետևից օգնություն չի գալիս, նորից հետ են գալիս, 9-ին են էլի լավ բոյ անում, ու հետնահանջի ժամանակ 13 տղաները շատ հոգնած են լինում, անքուն, սոված։ Սկզբում հրամանատարին են խփում, հետո ԱԹՍ-ն հարվածում ա, ընկնում Նարեկենց շատ մոտիկ, էդտեղից միայն մի քանի հոգի են ողջ մնում»,- հուզմունքով ասում է որդեկորույս մայրը։

Որդուց լուր չստանալով՝ Սաթենիկն ասում է՝ սկսում են փնտրել որտեղ հնարավոր էր, միայն 54 օր անց է ԴՆԹ-ով համընկնում լինում:

Մայրն ասում է՝ որդու զոհվելուց հետո կյանքն այլևս առաջվանը չէ, չգիտեն՝ ինչ են ուրախությունն ու երջանկությունը։

«Իմ բարությունը էլ չկա, ես առաջ շատ շփվող մարդ էի, հիմա ատում եմ բոլորին, որ ծիծաղում են, իմ աչքի գրողն են դառնում»,- դառնությամբ ասում է 42-ամյա կինը ու ընդգծում՝ որդու կարոտն անսահման է ու չփարատվող։ Նարեկ Արտուշյանը կյանքով լի էր, եռանդուն, ընկերասեր, կամեցող ու բոլորին աջակցող՝ հիշում է մայրը։

«Ամբողջ բակում բոլորին օգնում էր, հիմա բոլորը ցավ են ապրում, տատիկը շուկա էր գնում, ոնց էր վազում, որ օգներ, վեշերը վերցներ։

Նաև շատ ճշտապահ էր, երբ հարցնում էի՝ Նարե՛կ, ե՞րբ ես գալու, ասում էր՝ 20 րոպեից ու 20 րոպե հետո տուն էր մտնում, եթե մի 5 րոպե ուշ էր գալու, գրում էր՝ 5 րոպե կուշանամ»։

Մինչ բանակ գնալը Նարեկը սովորել է ավտոփականագործություն, մայրն ասում է՝ որդին ցանկանում էր բանակից գալ, մեքենա ունենալ, ավտոտնակ, տան երկրորդ հարկը սարքել։ «Սաղ կիսատ մնաց»,- ասում է ու հուզվում մայրը։

Սաթենիկն ասում է՝ ուժ ու հույս է տալիս այն հանգամանքը, որ մի օր որդուն հանդիպելու է։ Իսկ այժմ ապրում է նրա նկարներով, նրա մասին հուշերով ու Եռաբլուր այցելելով։

«Զալի ամբողջ պատը իրա նկարներ են, տենց օր չկա, որ առավոտյան սուրճ խմելիս չնայեմ, չհուզվեմ։ Գնում եմ գերեզման, հանգստանում եմ Եռաբլուրում։ Որ մի երկու օր չեմ գնում, չգիտեմ՝ ինչ ա կատարվում իմ հետ։

Մարդիկ, որ իմ կողքին են, ուժ են տալիս, հույս, որ պետք ա կարոտին դիմանանք, մինչև մի օր կտեսնենք իրեն»,- հուզմունքը խեղդելով ասում է մայրը։

 

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում