Տղուս մարմինը ինձ հանձվել է զոհվելուց 122 օր անց՝ իր ծննդյան օրը. հայրը պատմում է Հերոս որդու մասին

Էյներ Տատինցյանը Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ ժամկետային զինծառայող էր: Սյունեցի ժամկետային զինծառայողի համար հայրենիքին ծառայելը սրբազան պարտականություն էր:

«Էյները 2019թ.-ին էր զորակոչվել բանակ, Ջրականում էր ծառայում: Պատերազմի հենց առաջին օրից որդիս մասնակցել է Ջրականում տեղի ունեցող մարտական թեժ գործողություններին։ Սեպտեմբերի 29-ն էր… Էյներս զանգեց ու ասաց՝ պապ, գումար գցի հեռախոսիս, որ իրիկունը զանգեմ: Դա վերջին զանգն էր, մինչև այսօր ես սպասում եմ այդ զանգին»,- պատմում է Էյների հայրը՝ Արթուր Տատինցյանը:

«Մինչև սեպտեմբերի 30-ը մեր տղերքը Ջրականում առաջին բանակային կորպուսի հրամանատարի հետ միասին լավ էլ կռվել ու առաջ են գնացել՝ հետ վերցնելով 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ օկուպացված տարածքները։ Սակայն քանի որ իշխանություններին պետք չէր առաջ գնալ, մեր տղեքը նահանջի հրաման ստացան»,- նշում է Արթուր Տատինցյանը:

Էյներ Արթուրի Տատինցյանը ծնվել է 2001թ. հունվարի 31-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում: Զորակոչվել է բանակ 2019թ. հուլիսի 12-ին, ծառայել է Ջրականում։

Պատերազմի առաջին իսկ օրից մասնակցել է Ջրականում տեղի ունեցող մարտական թեժ գործողություններին: Սեպտեմբերի 29-ին վերջին զանգն է ունեցել ծնողների հետ և ասել, որ չվախենան, և ամեն ինչ լավ է լինելու: Զոհվել է սեպտեմբերի 30-ին՝ Լելե Թեփե բարձունքում:

Ժամկետային զինծառայողի հոր համար շատ հարցեր կան, որոնց պատասխանները դեռևս չեն տրվել: Ինչպես մյուս որդեկորույս ծնողները, այնպես էլ Արթուր Տատինցյանը չմարող հույս ունի, որ իր որդու մահվան համար բոլոր մեղավորները պատժվելու են:

«Ես էլ 1992թ.-ին եմ մասնակցել պատերազմին և պիտի ասեմ, որ թուրքը նույն թուրքն է, ուղղակի էս պատերազմում մեր մեջի ներքին տականքների մեղքով տանուլ տվեցինք:

Եթե պատերազմում առաջ գնալու հրաման չկա, ի՞նչ արդյունք պետք է լիներ, եթե ոչ մնալ տեղում և հետնահանջ ապահովել թուրքի համար: Պետք է ասեմ, որ ամենամեծ թվով զոհերը ունեցել ենք հետնահանջի ժամանակ»,- պատմում է զինծառայողի հայրը:

Էյներ Տատինցյանի մարմինը հարազատներին է հանձնվել զոհվելուց 122 օր անց՝ հերոսի ծննդյան օրը. այդ օրը նա կդառնար 20 տարեկան:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում