Զոհվելուց 2 օր առաջ հորը զանգել է ու ասել՝ պա՛պ, իմացի, ես սաղիդ շատ եմ սիրում. 21-ամյա Հերոս Նարեկը կանխազգացել էր իր մահը

«Մենք չէինք ուզում, բայց ինքն ասեց՝ պետք ա գնամ։ Շատ էր սիրում հայրենիքը»,- նշում է 39-ամյա Սյուզի Հովսեփյանը, որը 44-օրյա պատերազմում կորցրել է որդուն։

21-ամյա Նարեկ Հովսեփյանը մի քանի տարի ապրել է Ռուսաստանում, սակայն որոշել է, որ անպայման պետք է հայրենիք գա և բանակում ծառայի, հետո Արարատում գտնվող տունը վերանորոգի և հայրենիքում ապրի։

«Չէր ուզում Ռուսաստան վերադառնար, ասում էր՝ ես բանակից հետո մեր տանը՝ Արարատում եմ ապրելու։ Չէր թողնում վաճառեինք»,- ասում է մայրն ու նշում՝ որդին Մարտակերտում է ծառայել, երբ պատերազմը սկսվեց։

Նարեկ Հովսեփյանը 33 օր հակառակորդի դեմ պայքարել է Մարտակերտում, Մարտունի 2-ում և Ֆիզուլիում։ Վերջին անգամ ընտանիքի հետ կապ է հաստատել հոկտեմբերի 28-ին։

«Զանգեց, երկու բառ խոսաց՝ ամեն ինչ լավ ա, իմ մասին չմտածեք, ինձ չզանգեք, ես կզանգեմ»,- հիշում է որդու խոսքը մայրը ու նշում՝ մեկ օր անց դեպքը տեղի է ունեցել։

Հոկտեմբերի 29-ին Նարեկ Հովսեփյանը զոհվել է անօդաչու թռչող սարքի հարվածից։

Նարեկ Հովսեփյանը ըմբշամարտով է զբաղվել, մասնակցել է բազմաթիվ մրցումների, արժանացել մեդալների ու պատվոգրերի։ Սովորել է Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում, որոշել էր բանակից վերադառնալուց հետո ընդունվել ֆիզկուլտ ինստիտուտ և սպորտում հաջողություններ գրանցել։

Սյուզին ասում է՝ հավանաբար որդին կանխազգացել է, որ մահը մոտ է, զոհվելուց 2 օր առաջ հորը զանգել է ու ասել․ «Պա՛պ, իմացի, ես սաղիդ շատ եմ սիրում: Հայրը հարցրել ա՝ խի՞ ես տենց բան ասում, ասել ա՝ եսիմ, պա՛պ ջան, չգիտեմ՝ վաղն ինչ կլինի մեր հետ»,- պատմում է մայրն ու ասում՝ մահը երեխեքի աչքի առաջ ա եղել։

Նարեկ Հովսեփյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Արիության համար» մեդալներով։

Սյուզին ասում է՝ որդու զոհվելուց որոշ ժամանակ անց ուզում էր նորից երեխա ունենալ, բայց բուժում պետք է անցներ, հետո նոր հղիություն պլանավորեր, սակայն մինչև բուժումն իմանում է, որ հղի է:

«Ես շատ էի ուզում, խնդիրներ ունեի, մտածում էի՝ բուժվեմ, բայց ստացվեց, երևի Աստծո կամքն էր։ Ես շատ էի ուզում, որ մի հատ ունենանք, մյուս տղաս՝ Վահրամս, մենակ չմնա»,- ասում է Սյուզին ու նշում՝ հուսով են, որ երեխայի ծնունդով նոր հույս ու լույս կմտնեն իրենց տուն։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում